Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Նաիրիտ» գործարանն ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով: Իրանի հետ կարելի է պայմանավորվել բարտերային մեխանիզմի` «գազ կաուչուկի դիմաց» սկզբունքով:
Նրա խոսքով՝ «Նաիրիտի» վերագործարկման դեպքում կօգտագործվի տարեկան 100-120 մլն խմ գազ, ինչն այնքան էլ շատ չէ:
«Գազի փոխարեն մենք Իրանին կտանք «Նաիրիտում» արտադրված կաուչուկը: Իսկ մնացած արտադրանքը կարող ենք վաճառել միջազգային շուկաներում: Ներկայումս աշխարհում ընդամենը 6 այդպիսի գործարաններ կան, որոնք սինթետիկ քլորոպրենային կաուչուկ են արտադրում: Իսկ մեր գործարանն այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա` իրանական գազ օգտագործելու դեպքում միջոցները կբավարարեն «Նաիրիտը» վերազինելու և ընկերության ունեցած պարտքերը, այդ թվում աշխատավարձի, մարելու համար:
Անդրադառնալով երկրապահների համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո կարելի է սպասել պղինձի և ծծմբաթթվի արտադրության վերականգնման:
«Ուրախ եմ, որ նախագահը անհրաժեշտ է համարում երկրում ունենալ ռաֆինացված պղնձի արտադրություն, որի մասին մենք երկար տարիներ խոսել ենք: Մենք արդեն տարեկան 80 հազար տոննա կոնցենտրատ ունենք, որոնք անհրաժեշտ են մաքուր պղինձը հալեցնելու համար»,-ասաց Հայրենական արտադրողների միության նախագահը:
Tags: գազ, նաիրիտ, Վազգեն Սաֆարյան