Բաքվում ծեծել են “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի թղթակցին

3“Ամերիկայի ձայն” ռադիոկայանի ղեկավարությունն անհանգստություն է հայտնել Բաքվում իր թղթակցին ծեծելու առնչությամբ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը, փետրվարի 20-ին՝ ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում, ծեծել են “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի թղթակից Թափդըգ Ֆարհադօղլուին։

Բաքվի պետական համալսարանի անվտանգության ծառայությունն  երեկ չափազանց դաժան է վարվել լրագրողների հետ, որոնք լուսաբանել են ուսանողների ակցիան։

Անվտանգության ծառայությունը համալսարանի դիմացից փորձել է ցրել ցուցարարներին և լրագրողներին։ Նախևառաջ նրանք փորձել են խոչընդոտել լրագրողներին ֆիքսել տեղի ունեցող իրադարձությունը, ուսանողներից հարցազրույց վերցնել:

Այդ ամենը ղեկավարել է համալսարանի անվտանգության ղեկավարը։ Նա անձամբ է կոտրել տեսախցիկները, բղավել և ծեծել լրագրողներին: Մինչդեռ ոստիկանությունը հանգիստ հետևել է տեղի ունեցող իրադարձություններին։ Ընդհանուր առմամբ, տուժել է տարբեր լրատվամիջոցների 20 ներկայացուցիչ։

Հարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը: Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:

Անկախ

 

Tags: , , ,