«Ֆոնդերի գումարների 60 %-ը ներդրվելու է հայրենական տնտեսության մեջ». Գագիկ Մինասյան

Գագիկ ՄինասյանՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ կլուծվի ոլորտում առկա խնդիրները: Ակնհայտ է, որ նոր համակարգին այլընտրանք չկա: Եթե փորձեինք ավելի ուշ անցնել պարտադիր կուտակային համակարգին, ապա դժվարություններն ավելի շատ կլինեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` առնվազն երեք աշխատող պետք է ապահովեն մեկ մեծահասակի կենսաթոշակը: Երբ մեկ տարեցի կենսաթոշակն ընկնում է երկու կամ, որ ավելի վատ է, մեկ երիտասարդի վրա, խնդիրներ են առաջանում: Եթե երեքը մեկին հնարավորությունը բացակայում է, սերունդների համերաշխության սկզբունքն սկսում է չաշխատել: Նոր համակարգը կլուծի այդ խնդիրը:
«Ոչ մի երկրում այս բարեփոխումը հեշտ չի ընդունվել: Սա նման է ԱՊՊԱ-ի մասին օրենքին, որից արդեն երեք տարի է ազգաբնակչությունը գոհ է: Պարտադիր կենսաթոշակային համակարգը ևս մի քանի տարի անց գոհունակությամբ կընդունվի ՀՀ քաղաքացիների կողմից: Առանց կուտակումների հնարավոր չէ զարգացում ապահովել: Կլինեն կուտակումներ՝ կլինեն զարգացումներ»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Բանախոսը նաև անհիմն համարեց այն մտահոգությունները, որ Հայաստանում արժույթի փոփոխության դեպքում մարդկանց կուտակած գումարները կկորչեն: «Արժույթի փոփոխության հարց Հայաստանում առայժմ չի քննարկվում: Բայց, եթե ինչ-որ պատճառով արժույթը փոխվի, ֆոնդերի հետ ոչինչ տեղի չի ունենա, ինչպես Էստոնիայի դեպքում, երբ այդ երկրի արժույթը դարձավ եվրոն: Ֆոնդերի միջոցների առնվազն 60 %-ը պահվելու է դրամով, իսկ մնացածը՝ արտարժույթով: Ընդ որում, գումարների 60 %-ը ներդրվելու է հայրենական տնտեսության մեջ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Անկախ

Tags: ,