“Էլիտ պլազայում” տեղի ունենցող «Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողով. հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով համաժողովը աշխատանքի կեսից տապալվեց: «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, տեղեկանալով համաժողվոի մասին, վրդովված եկան այնտեղ` կազմակերպիչներին հարցնելով, թե ինչու իրենք հրավիրված չեն և հնարավորություն չունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը:
Մինչ այդ արդեն բացման խոսքով հանդես էին եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ: Վարչապետն արդեն դահլիճում չէր:
Լրատվամիջոցների մեծ մասն էլ համաժողովի մասին տեղեկացել էր «Դեմ եմ» շարժման միջոցով, որը կոչ էր արել իր թիմակիցներին անմիջապես հավաքվել համաժողովի վայրում: Եվ ահա, երբ ակտիվիստներ «Դեմ եմ պարտադիր կուտակայինին» դրոշներով փորձում էին ներս մտնել դահլիճ, որտեղ տեղի էր ունենում համաժողովըտ, կազմակերպիչները նրանց նախ թույլ չտվեցին` ասելով, որ համապատասխան հրավիրատոմսեր պետք է ունենան:
Այնուհետև վիճաբանությունից հետո «Դեմ եմ»- ի ակտիվիստները ներս մտան դահլիճ,` ասելով, որ կարող են հենց հիմա գրանցվել ու ներս մտնել, և ոչ ոք իրավունք չունի իրենց թույլ չտալ: Այդ պահին զեկույցով հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Ակտիվիստների մուտքը դահլիճ մեծ իրարանցում առաջացրեց, սակայն նրանք խնդրեցին ուշադրությունը սևեռել ոչ թե իրենց վրա, այլ զեկուցողների:
Արամյանի խոսքից հետո «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը «Դեմ եմ»-ի ակտիվիստներին առաջարկեց մասնակցել համաժողովին և խոստացավ օրակարգում ներառել նաև նրանց` ելույթի հնարավորություն տալով: Սակայն, քանի որ ակտիվիստների ելույթը պետք է լիներ վերջում, նրանք հրաժարվեցին` ասելով, որ այդքան ժամանակ չունեն, բոլորն աշխատում են և աշխատավայրերում պետք է լինեն` առաջարկելով այդ պահին ելույթ ունենալ: Սակայն նիստը վարողը հրաժարվեց` ասելով, որ չի կարող խախտել օրակարգը:
Լարվածությունը դահլիճում մեծացավ, երբ համաժողովի մասնակիցներից մեկը հայտարարեց, թե իրենք գիտեն որն է նրանց կարծիքը և ավելորդ անգամ չեն ուզում լսել, ինչը զայրույթ առաջացրերց «Դեմ եմ»-ի ակտիվիստների մոտ: Նրանցից մեկը, մոտենալով ամբիոնին, հայերեն և անգլերեն լեզուներով հայտարարեց, որ նախագահն է անգամ իր խոսքում հայտնել այն մասին, որ հասարակության 80 տոկոսը դեմ է այս ռեֆորմին: Նա հարց ուղղեց միջազգային կառույցների ներկայացուցիչներին, թե արդյոք նորմալ է դեմոկրատական երկրում, երբ հասարակության 80 տոկոսը դեմ է, սակայն փոփոխությունն իրականացվում է:
Նիստի վարողը հայտարարեց, որ այն կասեցվում է: Մասնակիցներն աստիճանաբար լքեցին դահլիճը, իսկ «Դեմ եմ»- ի ակտիվիստները հնչեցնելով իրենց կարգախոսը` «Դեմ ենք, դեմ ենք», հեռացան դահլիճից:
Tags: Դեմ եմ շարժում, Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, Տիգրան Սարգսյան