«Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ Լեզվի տեսչությանը գործադիրի գործառույթ տրվի, դա կվնասի բիզնեսի զարգացմանը». Սերգո Երիցյան

Սերգո ԵրիցյանԵթե մենք գործադիրի գործառույթ ունենայինք, վարույթ հարուցելու իրավունք ունենայինք, մեր աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ: Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ մեզ գործադիրի գործառույթ տրվի, քանի որ ըստ նախարարության` դա կվնասի բիզնեսի զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով` եթե նման լիազորություններ չտրվեն, տեսչությունից ավելի արդյունավետ աշխատանք ակնկալել հնարավոր չէ, քանի որ այն միայն վերահսկողական, տեսչական գործառույթ է իրականացնում և չունի գործադիրի գործառույթներ:

«Արդեն երկու-երեք տարի է խոսվում է տեսչությունը վերակազմավորելու, գործադիրի գործառույթ տալու մասին, առանց դրա անհնար է: Մենք մի կողմից վերահսկում ենք, բայց դա չի նպաստում լեզվի խնդիրների լուծմանը»,- ասաց Սերգո Երիցյանը:

Լեզվի տեսչության պետի խոսքով` այսօր օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներ կան, որոնց պատճառով անգամ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ: Անհրաժեշտութուն կա, որ օրնեսդրությունը հստակեցվի: Օրենսդրական նախաձեռնությունը կա, բայց ոչինչ չի փոխվել:

Սերգո Երիցյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել տեսչական բարեփոխումների մասով: Հնարավոր բոլոր ոլորտների համար ստուգաթերթեր են կազմել, որոնք ռիսկային ստուգումների կարևոր հիմքերից են: Վերջին մեկ տարվա ընթացքում տուգանքների արդյունքում 6 մլն դրամ է մտել պետական բյուջե: Հիմնական խախտումները վերաբերել են հրապարակային գրվածքներին՝ ցուցանակներ, գովազդային վահանակներ և բժշկական հաստատություններին:

«Լեզվաքաղաքականության պետական ծրագրի ընդունումը ևս հնարավորություն կտա լեզվին առնչվող որոշակի խնդիրներ լուծել: Անհրաժեշտ են լեզվական ձեռնարկների, բառարանների հրատարակումը, տերմինաբանական խորհրդի ստեղծումը: Ցավոք, Տերմինաբանական խորհուրդն արդեն 7 տարի է չի գործում օրենսդրական բացի պատճառով»,- ասաց Լեզվի տեսչության պետը:

 Անկախ

Tags: ,