Արտաքին ճակատում Թուրքիան ներկայումս բավական բարդ իրավիճակի մեջ է հայտնվել: Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ի դերև հանեցին Թուրքիայի հույսերը: Այս ամենին գումարվում են ներքին խնդիրները՝ Գեզիի դեպքերը, կոռուպցիոն հայտնի սկանդալը և այլն: Շատերն ասում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շուտով հրաժեշտ կտա քաղաքականությանը, սակայն ճիշտ կլինի սպասել այդ երկրում մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար, փորձագետ Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` փորձագետը նկատեց, որ առնվազն միամտություն է պնդել, որ այդ քայլից հետո Հայաստանին որևէ վտանգ չի սպառնա:
«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Պետք է գիտակցել այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ սահմանի բացումից հետո»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գագիկ Հարությունյանը հնացած է համարեց միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական կողմի ռազմավարությունը: Նրա խոսքով` խնդիրը բարձրաձայնելուց բաից այլ բան գրեթե չի արվում:
«Իսկ ահա Թուրքիան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր վարած մեղմ քաղաքականությամբ փորձում է անգամ կապեր հաստատել սփյուռքահայ կազմակերպությունների հետ»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն խնդրին դրական լուծում տալու համար:
Tags: «Նորավանք», Գագիկ Հարությունյան, Ցեղասպանության 100-րդ տարելից