Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի 4 ներկայացուցիչներից մեկը գյումրեցի 21-ամյա Կատյա Գալստյանն էր, ով հանդես եկավ դահուկավազքի դասական ոճում՝ սահելով 10 կմ: Կատյան որևէ կարգի մեդալ չնվաճեց, բայց իր ակտիվում գրանցեց այնպիսի միավոր, որը գերազանցում է նախկին օլիմպիական խաղերի հայաստանյան արդյունքները կանանց դահուկավազքում:
Ներկայացնելով օլիմպիական իր տպավորությունները` Կատյան նաև զուգահեռներ անցկացրեց մեր և Սոչիի դահուկավազքային պայմաններից:
- Կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ, բայց… նախ մրցակիցներս էին շատ ուժեղ: Այն դահուկները, որով մենք ենք մարզվում, իհարկե, ոչնչով չեն զիջում աշխարհի չեմպիոնականին, բայց ինչ մնում է ճանապարհների պատրաստվածությանը՝ մերը զիջում է. այնտեղ հատուկ տեխնիկայով են սահուղիները կառուցում, իսկ մենք սահնակներով ենք սահում:
Մարզուհին, գոհ է Սոչիի իր ելույթից և շատ տպավորված է:
Մարզումային պայմանների մասին հարցրեցինք նաև Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի տնօրենի կարծիքը, ով նշեց, թե ձմռանը Շիրակի մարզում ձնառատ վայրեր կան, որտեղ կարելի է մարզվել, խնդիրը բոլորովին այլ է ամռանը:
- Ամռանը մարզվում ենք անվավոր դահուկներով՝ Մայիսիյան գյուղի ճանապարհին, քանի որ մենք չունենք այդ հատուկ ասֆալտապատ ճանապարհը, փողոցներում ենք սահում, և հաջողվում է լավ մարզվել: Մեկնում ենք նաև ուսումնամարզական հավաքների: Ֆեդերացիան էլ մեզ բավական օգնում է, քանի որ հավաքականի մեջ հիմնական կորիզը կազմում են մեր դպրոցի սաները:
