Փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորում տեղի կունենան առաջին ձմեռային համահայկական խաղերը: Գյումրին այնտեղ կներկայանա 15 մարզիկներից բաղկացած պատվիրակությամբ: Խաղերում ընդգրկված են չորս մարզաձևեր, իսկ գյումրեցիները մասնակցելու են միայն դահուկավազքին: Թիմի բոլոր մարզիկները Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի սաներ են, որոնց մինչև Ծաղկաձոր մեկնելն ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունելով մարզիկներին՝ քաղաքապետը նշեց.
«Շիրակին այնպիսի մարզ է, որ ձյունառատ է, դահուկավազքն առաջնակարգ է եղել: Կուզենայի այնպիսի արդյունքներ ունենաք, որ պարծենանք՝ այս մարզաձևում էլ է մեր մարզն առաջինը»:
Քաղաքապետի հարցին, թե քանի՞ մեդալ է խաղարկվելու, մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի հավաքականի դահուկավազքի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը նշեց.«12 մեդալ, որից 6-ը մերն է, մեր աղջիկները բացարձակ լիդեր են, տղաների մասով՝ հնարավոր է արծաթ կամ բրոնզ լինի: Պարոն քաղաքապետ, մեր երեխաները պատրաստ են համահայկական խաղերին, հատկապտես շատ ոգևորված են, որ Կատյան օլիմպիական խաղերին է մասնակցել: Ես մի փոքր ուսումնասիրություններ եմ կատարել ու հույս ունեմ, որ Գյումրի քաղաքը թիմային հաշվարկով պետք է առաջին տեղում լինի»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր հերթին խոստացավ հնարավոր ամեն ինչով օգնել. «Դահուկն ի՞նչ է, որ չառնենք: Դուք լավ մարզվեք, հաջողություններ ձեռք բերեք, ես էլ ձեզ կաջակցեմ: Ձեզ բարի երթ, հաղթանակով հետ գաք և պարզերես անեք գյումրեցիներիս ու Շիրակի մարզը»:
Գյումրեցիները Ծաղկաձորում ելույթ կունենան մարտի 1-ին և 2-ին: Մարզիչը նշում է, թե դահուկորդները հիմա երկու անգամ են մարզվում՝ Փոքրաշեն գյուղի մոտ: Առավոտյան 10:30 մարզումներն անում են դասական ոճում, մյուս օրը երեկոյան՝ ազատ ոճում:
archive2.ankakh.com-ի հարցին, թե ինչ խնդիրներ ունի մարզադպրոցը, ինչպիսի խոչընդոտներ կան մարզիկների համար, տնօրեն Սլավիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի բանի պակաս չունենք, Գյումրու քաղաքապետն ու սպորտբաժինն ամեն ինչ արել են: Բաժնի պետ Մեխակ Ղազարյանը ևս մարզիկ է եղել և շատ լավ գիտի մարզիկի «ղադրը»: Իրենք ամեն ինչ արել են, որպեսզի երեխաները լավ մասնակցեն»:
Tags: գյումրի, համահայկական ձմեռային առաջին խաղեր, սպորտ