Մարդու դեմքի մաշկը կարող է լինել նորմալ, յուղոտ, չոր և կոմբինացված կամ խառը: Տեսակի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի եղջերացման, եղջերահեռացման, ջրակորստի աստիճանը, ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքի ինտենսիվությունը: Քանի որ չոր մաշկը բավականին հաճախ է հանդիպում, մեր զրուցակիցը ցանկացավ խոսել հենց դրա մասին: Մաշկի չորանալու պատճառ կարող են դառնալ դրա եղջերային շերտի ջրազրկումը, հաճախակի թեփազատումը, պաշտպանական հատկությունների ու ճարպի քանակի նվազումը: Կառուցվածքային չոր մաշկի պատճառը գենետիկական և ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկություններն են:
Դիմահարդար Անուշ Ներսիսյանի խոսքով չոր մաշկը շատ զգայուն է շրջակա միջավայրի անբապենպաստ գործոնների ու ոչ ճիշտ խնամքի նկատմամբ, ինչը ժամանակից շուտ կնճիռների պատճառ է դառնում։ Մաշկի այս տեսակը գրեթե չի հանդիպում երեխաների եւ պատանիների մոտ, իհարկե որոշ բացառություններով: Հենց այս մաշկի վրա հեշտ են հայտնվում մանր կնճիռներ եւ խորը հետքեր:
Այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում դիմահարդարի խոսքով չոր մաշկը /ծանր է տանում/ օճառի ազդեցությունը. չի կարելի օճառով լվացվել: Ցուրտ եւ քամոտ եղանակին կարող են դիտվել կարմրություն եւ թեփոտում:
Գարնանը մաշկի խնդիրները սովորաբար սրվում են: Կարմիր բծեր, մաշկազատում, կնճիռներ, խանգարումներ:Հենց այդ պատճառով էլ չոր մաշկը ճիշտ ու ամենօրյա խնամքի ավելի շատ կարիք ունի։ Այն պետք է ենթարկվի մշտական խոնավեցման, սակայն չափը պահպանելով: Պետք չէ օգտագործել յուղոտ եւ ծանր կրեմներ: Անուշի համոզմամբ ավելի լավ է օգտագործել թեթեւ խոնավեցնող միջոցներ կամ շաբաթը երկու անգամ տնային պայմաններում պատրաստված դիմակներ չոր եւ թեփոտվող մաշկի համար:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: գարուն, մաշկի խնդիրներ