«Լեռ-Էքս» ՍՊԸ-ն սկսել է է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը. ահազանգում են բնակիչները

նկարՍյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն հերիք չէ, որ 2010-ին առանց նախագծի և բնապահպանական փորձաքննություն անցկացնելու կառուցել էր պոչամբար, որի պոչհանքները երեք տարի շարունակ լցվում են Գեղի գետը: Հիմա էլ նույն տրամաբանությամբ սկսել է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը:
Դեռևս անցած տարվա հունիս ամսին բնապահպաններն ահազանգել էինք «Լեռ-Էքս» ընկերության կատարած օրինախախտումների մասին, որոնց այդպես էլ պետական լիազոր մարմինները համապատասխան արձագանք չտվեցին:

Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքի համաձայն` Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի մանրազնին հետախուզված միակ հանքային գոտու հաշվարկված և հաստատված պաշարների քանակը կազմել. հանքաքարերինը` 3983 հազար տոննա, մոլիբդենինը` 6677 տոննա, պղնձինը` 17387 տոննա: Հարակից տարրերի պաշարների քանակները կազմել են` ռենիումինը` 988,3 կգ, ոսկունը` 1925,9 կգ, արծաթինը`27,815 տոննա, ծծմբինը` 31450 տոննա (ծծմբի միջին պարունակությունը հանքաքարերում կազմում է 1,14%):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը և մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի և առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Հանքավայրի վտանգավորության աստիճանը հասնում է 3-րդ աստիճանի:

Գնալով հսկայական չափեր են ընդունում հանքարդյունաբերության հետևանքով բնությանը հասցված վնասները: Պոչհանքերի թունավոր արտանետումների պատճառով օր օրի ավելանում է մեռյալ գետերի թիվը: Այս առումով ծայրահեղ ծանր վիճակում են հատկապես Սյունիքի և Լոռու գետերը:

 

Անկախ

Tags: , ,