Տեղի ունեցավ Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացումը

նյութի նկարԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում հիմնված Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների շատ հավակնոտ շրջանում, և իրենց պետք են լավ կառավարիչներ:

«Մենք մեծ ծրագիր ենք սկսում, և մոտ 8 ունկնդիր մյուս տարի հնարավորություն կունենան անվճար ուսումնական պրակտիկա անցնել Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Սիանս Պո Արմենիա ուսումնական կառույցի ստեղծմամբ համագործակցության մի նոր փուլ է սկսվում: Անրի Ռենոն հույս հայտնեց, որ ընտրված ուսանողները հնարավորություն կունենան հետագայում ավելի լավ մասնագետներ դառնալ:

«Հիմա դուք արդեն պետք է սկսեք խաղալ, գնդակը ձեր դաշտում է»,- ասաց դեսպանը:

Սիանս Պո Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին, մասնավոր հատվածի աշխատակիցներին, տարբեր բուհերի շրջանավարտներին (մագիստրոսի որակավորմամբ) լրացուցիչ կրթություն է առաջարկում: Ուսումն արժեքն է տարեկան 900 000 դրամ: Ավարտելով Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատությունը` ուսանողները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել հենց Սիանս Պո-ում:

Անկախ

Tags: , ,