«Ուկրաինան այժմ ուղղություն է վերցրել ոչ դեպի Ռուսաստան, ոչ էլ դեպի Արևմուտք, այլ դեպի ինքնուրույնություն». Իգոր Մուրադյան

Իգոր ՄուրադյանՈւկրաինացի ժողովուրդը, առանց արտաքին աջակցության հույսի, ընդվզեց ռուսական գաղութացման դեմ: Ամեն բան այնտեղ խաղաղ էր և կանխատեսելի: Վիկտոր Յանուկովիչը ապագայի փայլուն հեռանկար ուներ: Ամերիկացիները նրան ապահովեցին իմիջմեյքերներով, կանաչ ճանապարհ բացեցին նրա համար: Յանուկովիչը հասկանում էր, որ Եվրամիության հետ սերտ հարաբերություններն Ուկրաինայի ապագան են: Իսկ հիմա Ուկրաինան կանգնած է պետականության կորստի, գաղութացման վտանգի առջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը:

Ըստ վերլուծաբանի` Ուկրաինան այժմ ուղղություն է վերցրել ոչ դեպի Ռուսաստան, ոչ էլ դեպի Արևմուտք, այլ դեպի ինքնուրույնություն:
«Արևմուտքը Պուտինին հասկացնում է, որ նա այլևս միջազգային էլիտար ակումբի անդամ չէ: Մոսկվան միանգամից հասկացավ դա: Ռուսաստանին իր տեղը ցույց տալ, նրան տնտեսական կոլապսի մեջ գցել ցանկանում էին դեռ Բուշն ու Քոնդոլիզա Ռայսը: Միառժամանակ, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան անում են ամեն բան՝ չկորցնելու Եվրոպայի վրա ազդելու լծակները: Իսկ Եվրոպայում շատ բան է փոխվել: Մշտապես Ռուսաստանին աջակցող Գերմանիան այս անգամ պաշտպանում է Ուկրաինային, ինչը չէր անում այն ժամանակ, երբ այդ երկրում «նարնջագույն իրադարձություններ» էին տեղի ունենում»,- ասաց Իգոր Մուրադյանը:
Վերլուծաբանի համոզմամբ` ուկրաինական զարգացումներում որոշիչ կլինի հատկապես Դնեպրոպետրովսկի համար պայքարը:

«Իսկական մարտերը դեռ չեն սկսվել: Դրանք կսկսվեն այն ժամանակ, երբ մարդիկ սահմաններ կգծեն մատիտը ձեռքներին` պայքարելով ամեն մի գյուղի համար: Ամեն ինչ տանում է քաղաքացիական պատերազմի: Բայց եթե Յուլյա Տիմոշենկոն բանտից ավելի վաղ դուրս եկած լիներ, ամեն բան այլ կերպ կդասավորվեր: Նա ֆանատ քաղաքական գործիչ է, նրա համար կարևորը ոչ թե փողն է, այլ քաղաքականությունը»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է ուկրաինական և հայկական դեպքերի նմանությանն ու Հայաստանում ուկրաինական դեպքերի կրկնությանը, Իգոր Մուրադյանը նշեց, որ Հայաստանում քաղաքականությունը վաղուց մեռել է, և ուկրաինական դեպքերի կրկնություն այստեղ չպետք է ակնկալել:

Անկախ

Tags: ,