«Չեմ բացառում, որ Հայաստանում ևս Մայդան կայանա, ինչն անկասկած կբերի վատ հետևանքների». Արմենակ Դովլաթյան

Արմենակ ԴովլաթյանԿանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները` նշեց, որ Ուկրաինայում ավարտվում է ընդհանուր գործընթացի միայն մի մասը: Հիմա շատ բան կախված է նրանից, թե ի՞նչ որոշումներ կընդունվեն Խարկովում:

Արմենակ Դովլաթյանի խոսքով՝ Ուկրաինայում, քաղաքական գործընթացներին զուգահեռ տնտեսական շահերի պայքար է ընթանում: Ուկրաինայում տարվող քաղաքականությունը տնտեսական խոշոր շահերի է սպասարկում, և հիմա որոշվում է դրանում տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի սահմանի հարցը։

«Կարող է տարօրինակ թվալ, բայց Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ձեռնտու է  Եվրասիական միության ստեղծումը, քանի որ միանգամայն հնարավոր է, որ նրանք պարզապես իրենց կապիտալով կներխուժեն  այդ տարածք և նվաճեն ռուսական շուկան։

Կան որոշ նախադրյալներ, որ հենց դա է այսօր տեղի ունենում։ Եվ հնարավոր է, որ Ուկրաինան այդ գործընթացի մի մասն է»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյի՝ Մայդանի առաջնորդ դառնալու հավանականությանը, Արմենակ Դովլաթյանի խոսքով` ուկրաինացի ժողովուրդը նրան միանշանակորեն չի ընդունում, քանի որ հիշում է, որ Տիմոշենկոն ևս ժամանակին խառնված էր կոռուպցիոն պատմությունների մեջ:
«Եթե հայաստանյան իշխանությունները խելամիտ լինեն, մեզ մոտ կարող են բավական հետաքրքրական իրադարձություններ տեղի ունենալ: Չեմ բացառում, որ Հայաստանում ևս Մայդան կայանա, ինչն անկասկած կբերի վատ հետևանքների: Մարդկանց համբերությունը մի օր կարող է հատվել»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Անկախ

Tags: