Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում բարձրացրեց Հրայր Թոմվասյանի «ամբարտավան պահվածքի» հարցը

4Մեկնարկեց Աժ նիստերի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյա աշխատանքը: Գրանցվել է 122:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը: Նրա տեղեկացմամբ` այս քառօրյայում արտահերթ կարգով կքննարկվեն ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, ինչպես նաև Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ամբարտավան պահվածքի» վրա: Խոսքը վերաբերում էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ նախարարի պատասխանին, թե «ղալաթ են անուն»:

Արմեն Ռուստամյանի խոսքով` սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ նախարարը ոչ միայն պետք է հարգի սահմանադրությունը, այլև պետք է պահպանի սահմանադրական նորմերը:

Ռուստամյանը գտնում է, որ նախարարը վիրավորել է ոչ միայն 53 պատգամավորի, այլև ողջ Ազգային ժողովը և նաև այն մարդկանց, որոնք կանգնած են այդ պատգամավորների հետևում: «Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում կամ վերջերս սկսել է հասկանալ և փորձել է պարզաբանումներ տալ, որ «ղալաթ» բառն արաբերեն նշանակում է` սխալ են անում: Փոխանակ ասի` սայթաքել եմ, խորացնում է իրավիճակը»,-ասաց պատգամավորը:

Ռուստամյանն ասաց, որ նման բառարանային ձևակերպումներով առաջնորդելով` իրենք էլ իրենց հերթին կարող են նախարարին ասել, ասենք` «ղալաթ ես անում, չաթլախ»:

Հովիկ Աբրահամյանը նախ ընդունեց, որ տեղի ունեցածը վատ երևույթ է` նշելով, որ դատապարտում է ցանկացած նման ձևակերպում, որը հնչեցվել է նախարարի կամ պատգամավորի կողմից, այնուհետև ավելացրեց, որ զարմացած է նաև Ռուստամյանի պատասխանից: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս պահին Ազգային ժողովի աշխատանքներին հետևում է ապագա սերունդը: Այդ պահին դահլիճում բուռն քննարկում սկսվեց նախարարի և Ռուստամյանի արձագանքի վերաբերյալ, որը հավանաբար որոշ պատգամավորների անգամ զվարճացրեց: Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց. «Պարո´ն Բաբլոյան, ի՞նչ կա ըտեղ ուրախանալու, փոխանակ տխրեք, ուրախանում եք»:

Հովիկ Աբրահամյանին հարց, ավելի ճիշտ` առաջարկ ուներ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա առաջարկեց, որ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգի Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման հետևանքով զոհված տասնյակ քաղաքացիների հիշատակը` նշելով, որ մահաբեր զենքի կիրառումն իշխանությունների կողմից անընդունելի և դատապարտելի չարիք է:

Աբրահամյանն էլ ավելացրեց. «Բայց ինչու՞ միայն քաղաքացիների հիշատակը, ոստիկանների՞ն ինչու չհարգենք, որոնք նույնպես մահացու զենքից զոհվել են»:

Խորհրդարանը, Աժ նախագահի հավանությունը ստանալով, մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Ուկրաինայի զոհերի հիշատակը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարտ Եսայանին, սակայն, ամենևին դուր չեկավ իր ընդդիմադիր գործընկերոջ առաջարկը` համարելով դա քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձ: Նա ՀԱԿ պատգամավորին հարցրեց, թե ինչու նա նման առաջարկով հանդես չէր գալիս, երբ Սիրիայում զոհվում էին մեր հայրենակիցները:

Մարգարիտ Եսայանի միտքը շարունակեց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ ՀԱԿ պատգամավորի առաջարկը ճղճիմ շահադիտական նկրտումների հասնելու փորձ էր:

«Արդեն իսկ փորձէ արվում դավադրություն կազմակերել Հայաստանում, և առաջին ծիլերը նախապատրաստվեցին այստեց»,-հայտարարեց Գեղամյանը:

 

Անկախ

Tags: , , , , , ,