ԿԲ կանխատեսումներով՝ 2014-ին գնաճը կտատանվի 4 տոկոսի սահմաններում

կբԿենտրոնական բանկը հրապարակել է 2013-ի չորրորդ եռամսյակի և 2014-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման հաշվետվությունը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2013 թվականն ավարտվեց 5.6 տոկոսային կետ գնաճով, և արդեն հունվարին 12-ամսյա գնաճը կազմեց 5.5 տոկոսային կետ՝ ընդհուպ մտնելով տատանումների թույլատրելի միջակայքի մեջ:

“Մեր կանխատեսումներով՝  2014-ին 12-ամսյա գնաճը շարունակելու է նվազել՝ մոտենալով մեր նպատակին` 4 տոկոսին: 12-ամսյա գնաճը նույնիսկ նվազելու է մինչև տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանը` պայմանավորված նախորդ տարվա 3-րդ եռամսյակի սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետն անդրադարձավ նաև Դրամավարկային քաղաքականության ծրագրի արտաքին կանխատեսումներին, համաձայն որոնց՝ արտաքին աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ՌԴ-ում, տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է:

“ՌԴ-ում մեր կանխատեսմամբ՝ տնտեսական աճի տեմպերի թուլացումն ավարտվել է և այդ շրջանակներում պարենային և հումքային ապրանքային շուկաներում մենք գնաճային զարգացումներ չենք սպասում: Արտաքին գնաճային ճնշումներ չենք կանխատեսում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Անդրադառնալով ներքին շուկայի կանխատեսումներին՝ Վահագն Գրիգորյանը նշեց, որ ներքին շուկայում մասնավոր սպառումն ու մասնավոր ներդրումներն այս տարի արագանալու են: Մասնավոր սպառումը հասնելու է 5 և ավելի տոկոսի, մասնավոր ներդրումները՝ մոտ 4 տոկոսի:

“Արտահանումը և ներմուծումը պահպանելու են իրենց աճի տեմպերը, արտահանման տեմպերն ավելի բարձր, քան ներմուծման տեմպերը: Ակնկալում ենք, որ դրսից եկող տրանսֆերտները կպահպանվեն աճի տեմպերի նույն շրջանակներում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

ԿԲ կանխատեսումներով՝ 2014-ին ՀՆԱ-ի աճը կատատնվի 5.4-ից 6.1 տոկոսի շրջանակներում: Ներքին տնտեսությունում մասնավոր հատվածից գնաճային նշումներ չեն ակնկալվում:

“Գնաճի որոշակի ազդեցություն կնկատվի պետական հատվածի կողմից, քանի որ այս տարվա պետական բյուջեի դիֆիցիտը փոքր ինչ ավելի բարձր է, քան նախորդ տարի: Սակայն, հաշվի առնելով նաև պետական հատվածի ազդեցությունը, գնաճի կանխատեսումներն ավարտվում են 4 տոկոսի շրջանակներում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Անկախ

Tags: ,