Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը

մաքրում են հեղեղատներըԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունն  այս տարի նախատեսվածից ավելի շուտ են սկսել  մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Դա պայմանավորված է  դեկտեմբեր-հունվար ամիսների առատ տեղումներով, որոնց հետևանքով փողոցների մեծաքանակ աղն ու ավազը  անձրևների ժամանակ կարող են խոչընդոտել հեղեղատարների թողունակությանը: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Սրանք այս ուղղությամբ տարվող նախնական աշխատանքներ են, քանի որ որոշ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրևներին ընդառաջ:

Մինչ այդ, գործընթացի ներկա փուլին աջակցում են նաև վարչական շրջանների սանիտարական մաքրման ձեռնարկությունները, որոնց մարդկային և տեխնիկական ռեսուրսներով էլ համապատասխան վայրեր են տեղափոխում դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները: Հիշեցնենք նաև, որ 2014 թվականին  մայրաքաղաքում ըստ առաջնահերթության կընթանան ջրահեռացման համակարգերի նորոգման ու ընդլայնման՝ նախորդ տարիներին մեկնարկած աշխատանքները:

 Անկախ

Tags: , ,