Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ուսանող ակտիվիստների

4Փետրվարի 24-ին Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են առնվազն երկու ուսանող ակտիվիստի, ովքեր մասնակցել են փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի դիմաց տեղի ունեցած ցույցին: Ուսանողներին ձերբակալել են տնից դուրս գալիս: Ձերբակալության պատճառները հայտնի չեն: Ոստիկանության աշխատակիցները հերքել են կալանքը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Բաքվի պետական համալսարանում խստացրել են անվտանգության միջոցառումները, որևէ անծանոթի թույլ չեն տալիս համալսարանի բակ մտնել: Երեք մուտքերից երկուսը փակ է: Միևնույն ժամանակ անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգում են բոլորի պայուսակները և թույլ չեն տալիս հաստատություն մտնել առանց ուսանողական տոմսերի:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը: Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ: Հարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել:

Tags: , ,