Բորիս Նավասարդյանը Հայաստանում մայդանի կրկնություն չի տեսնում

Բորիս ՆավասարդյանՈւկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները օգտակար են Հայաստանի համար: Այս օրերին ՀՀ ակտիվ քաղաքական ու քաղաքացիական դաշտը սևեռված է մայդանի իրադարձությունների վրա: Թե’ իշխանական, և թե’ ընդդիմադիր քաղաքական դաշտը խելացի կլինի, եթե հասկանա, որ այլևս չի կարելի օգտագործել քաղաքացիներին՝ քաղաքական նպատակների հասնելու համար: Ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հասկանան, որ ժողովուրդը կաշառքով կամ ճնշումների ներքո տուփերի մեջ քվեաթերթիկ գցելու համար չէ: Ժողովուրդը պետք է ընկալվի որպես մտածող, որոշակի շահեր ունեցող սուբյեկտ: Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ, ի վերջո, երկրի տերն ինքն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային համակարգող, «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով` հասարակությունը պետք է բոլոր մասնավոր խնդիրները տեսնի ավելի մեծ քաղաքական համապատկերի մեջ:

«Հասարակությունը ցանկանում է տեսնել կանխատեսելի իշխանություն, որը գիտի` ինչ է անում, ուր է գնում։ Այն իշխանությունը, որը ճանապարհի կեսին փոխում է իր ուղղությունը, կորցնում է աջակցությունը հասարակության մեծ մասի կողմից: Դրա վառ օրինակի հետևանքներն այսօր տեսնում ենք Ուկրաինայում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում, այդուհանդերձ, մայդանի կրկնություն չի տեսնում, քանի որ մեր հասարակությունն այդչափ մասնատված չէ, ինչպես Ուկրաինայում, ավելի միատարր է:

«Եվ հետո, ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում այնպիսի հրաման տրվի իրավապահ մարմիններին, ինչպես Ուկրաինայում, քանի որ Մարտի 1-ն էլ դաս էր: Պետք է դասեր քաղել սեփական և համաշխարհային պատմությունից»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Անկախ

Tags: , , ,