Քիչ առաջ ԱԺ-ում «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին: «Ի՞նչ իմաստ ունի ստեղծվելիք հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ: Չե՞ք կարծում, որ այս կարևորագույն հարցի քննարկումը պետք է դռնբաց անել, ինչը կօգնի նաև հեռու մնալ քաղաքական շահարկումներից, ինչպես նաև հանրությունը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները», – իր հարցն այսպես ձևակերպեց պատգամավորը, սակայն Դավիթ Հարությունյանի պատասխանը անակնկալի բերեց նրան. «Յուրաքանչյուր պատգամավոր նաև շոու-մեն է: Երբ պատգամավորները խոսում են դռնբաց նիստում, նրանք խոսում են նաև տեսախցիկների համար: Սակայն բովանդակային քննարկումների ժամանակ դա մեզ կխանգարի», – ասաց Դավիթ Հարությունյանը: Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ դիտարկումները համոզիչ չեն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, փորձելով անցնել հաջորդ հարցերին, կատակեց. «Ինչպես ասում են՝ show must go on» (շոուն պետք է շարունակվի):
