Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների միջև` նշեց, որ դրանք շատ նման են իրար: Թե’ Ուկրաինայում, և թե’ Հայաստանում իշխանությունները կտրված են հասարակությունից, փակել են բոլոր ուղիները տնտեսության զարգացման համար:
«Հայաստանում նույնիսկ գործող նախագահն է խոստովանում, որ հասարկության 80 %-ի մեջ դժգոհություն կա: Այս ֆոնի վրա իրենք իրենց համարում են բարեփոխողներ, իսկ կենսաթոշակային օրենքի մասին խոսելիս շեշտում են` իբր երկրի համար շատ լավ բան են անում, որը հասարակությունը հետո է գիտակցելու»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետի խոսքով` ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը, որովհետև անխուսափելիորեն ուկրաինական զարթոնքը կգնա նաև Ռուսաստան, Հայաստան և այլ հետխորհրդային երկրներ:
«Մեզ մոտ ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացված են, և իրենց շուրջ համախմբված է հասարակության մեծ մասը: Նրանց պահանջները խելամիտ են և, եթե իշխանությունը գնա կոմպրոմիսի ու ձևավորվի նոր կառավարություն, որտեղ ներկայացված կլինեն 4 ոչ իշխանական ուժերը, Հայաստանը կարող է խուսափել նման իրավիճակից: Իմ կարծիքով` Ուկրաինայից դաս քաղելով` մեր իշխանությունները կգնան զիջումների և կընդառաջեն նոր կառավարություն ձևավորելու ընդդիմադիր ուժերի առաջարկին»,-ասաց Երվանդ Բոզոյանը:
Tags: Եվրամայդան, Երվանդ Բոզոյան, Հայաստան, Ուկրաինա