«ԵՄ-ը Հայաստանում» ակումբի առաջին դասընթացն ավարտվեց հաջողությամբ

ԵՄ-ը Հայաստանում«ԵՄ-ը Հայաստանում» ակումբի առաջին դասընթացը տեղի ունեցավ Աղվերանում` փետրվարի 21-23-ին:

Բացման խոսքով հանդես եկան ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Դեսպան Հրիսթեան նշեց, որ Վիլնյուսի գագաթաժողովի համատեղ հայտարարությամբ ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների շարունակությունն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարելավումը: «ԵՄ-ը և Հայաստանը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հիմքերը վերանայելու, ինչպես նաև Հայաստանի հետ Հարևանության քաղաքականության գործողությունների պլանը թարմացնելու անհրաժեշտությունը` համապատասխանեցնելու ապագա համագործակցության բովանդակությանն ու նկրտումներին», ասաց դեսպանը: Նա ավելացրեց, որ երկու կողմերն էլ վճռական են ապագա համագործակցության հարցում` ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման, լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության հզորացման շարունակական բարելավմամբ:

ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը խոսեց ԵՄ-Հայաստան զարգացման համագործակցության բովանդակության ու ընդգրկման մասին:

Հիմնական բանախոսը Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ԵՄ արտաքին քաղաքականության փորձագետ Հրանտ Կոստանյանն էր, որ ներկայացրեց իր դատողությունները «Հայաստան-ԵՄ հարաբերությունները. որքա՞ն ենք իրարից հեռացել» թեմայի շուրջը, որին հաջորդեց մասնակիցների ակտիվ քննարկումը:

Դասընթացի հատուկ թեման միգրացիան էր: ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալլիստեն ներկայացրեց ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են 2014թ.-ի հունվարի 1-ից: «Թիրախավորված նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն էլ ներկայացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող իր ծրագիրը:

Բոլոր մասնակիցները կստանան «Հայաստանում ԵՄ ակումբի շրջանավարտ»-ի հավաստագիր, որոնք կհանձնի ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` փետրվարի 26-ին, ԵՄ կենտրոնում:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ և բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում է գրավիչ դասընթաց ու օգտակար ցանցային միջոցառում ավագ պաշտոնյաների և հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:

Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Tags: ,