Ապամոնտաժվում են 4-րդ կարգի վթարայնության շենքերը

001(1) (640x427)4-րդ կարգի վթարայնության, նախկինում բնակելի 2 շինությունների քանդման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքը, որը նախկինում բնակեցված հանրակացարանային շենք էր, ամբողջությամբ կապամոնտաժվի 2 շաբաթում, հավաստիացրել է քանդումն իրականացնող ընկերության տնօրեն Էդիկ Վարդանյանը։

«Վտանգ ներկայացնող հնարավոր ինքնափլուզումը կանխելու նպատակով այս շինության ապամոնտաժումն առաջնային դիտվեց։ Հաշվի առնելով շենքի վթարայնության կարգն ու ապամոնտաժելիս վտանգի աստիճանը՝ մեր աշխատակիցներն այն քանդում են զգուշավորության կաննոները խստագույնս պահպանելով. հետևաբար, չնայած շինության ոչ մեծ ծավալներին, դեռևս երկու շաբաթ կտևեն աշխատանքները»,- նշել է Էդիկ Վարդանյանը։

Նշենք, որ Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքի՝ նախկինում հանրակացարանային շենքի՝ փաստաթղթային հիմնավորում ունեցող բոլոր փաստացի բնակիչներին Երևանի քաղաքապետարանը վերաբնակեցրել է 2013 թվականին, իսկ այն բնակիչների հարցը, ովքեր շենքի վթարայնությանից ելնելով մինչ վերաբնակեցումը ժամանակավոր բնակություն էին հաստատել այլ հասցեներում, քաղաքապետարանը կլուծի 2015 թվականին։

Ապամոնտաժվում է նաև Մարգարյան 45 հասցեում գտնվող վթարային շենքը, որի տեղում նոր բազմաբնակարան շենք է կառուցվելու՝ շուրջ 120 բնակարաններով, և տրամադրվելու է Երևանում գտնվող բարձր վթարայնության այլ շենքերի բնակիչներին որպես փոխհատուցում՝ ըստ հերթագրման ցուցակի։  Մարգարյան 45 շենքի բնակիչներին ևս քաղաքապետարանը որպես փոխհատուցում  տրամադրել է բնակարաններ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ վթարային բազմաբնակարանն ապամոնտաժելուց անմիջապես հետո շենքի տարածքում սկսվելու են նոր շենքի շինմոնտաժային աշխատանքները։

 

 

 

Tags: , ,