«Մարտի 1-ի մեր հավաքը Հայաստանի գարուն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք». ազատամարտիկներ

ազատամարտիկներՌազմադաշտային հրամանատարների ընդլայնված խորհրդի աշխատանքային խմբի անունից նախկին ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, ՀԱԲ -ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը և Վարդան Մալխասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն տարածեցին այն մասին, որ ազատամարտիկները պատրաստվում են հայ ժողովրդին վերադարձնել իշխանությունը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչի համար ՀՀ քաղաքացիներից, իրենց նախկին մարտական ընկերներից և ընդդիմադիր քաղաքական ուժերից պահանջում են մարտի 1-ին գալ նախ Սարյանի պուրակ, ապա Ազատության հրապարակ:

ազատամարտիկներ«Բոլոր թալանչիները պատասխան են տալու, Ռոբերտ Քոչարյանի և մնացած բոլոր հանցագործների ունեցվածքը փակելու է Հայաստանի արտաքին պարտքը: Իմացե՛ք, ոչինչ այլևս Հայաստանում նախկին ռեժիմով չի լինելու»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով`իրենք ամեն ինչ անելու են Սահմանադրության, օրենքով վերապահվածի շրջանակներում:

«Մարդը իրավունք ունի պաշտպանվելու, իրավունք ունի ազատ խոսելու: Մենք որևէ հակասահմանադրական գործողության չենք դիմելու, հնարավոր է՝ երթ էլ լինի, հնարավոր է՝ միտինգին էլ միանանք, բայց միանշանակ է, որ Ուկրաինայի նման բռնություններ, զենքի կիրառում, կոշտ գործողություններ մեզ մոտ չեն լինելու»,-ասաց Վարդան Մալխասյանը:

Ազատամարտիկների խոսքով` իրենց հավաքը Հայաստանի գարունն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք:

Սուրեն Սարգսյանը նշեց, որ իրենք ևս մասնակցելու են ՀԱԿ-ի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքին, որովհետև այնտեղ ժողովուրդն է լինելու:

«Այդ օրվա արդյունքները կերևան հենց նույն օրը ՝ պայմանավորված նրանով, թե երկրի քաղաքական ուժերը ինչպե՞ս կարձագանքեն երկրի առջև ծառացած մարտահրավերներին»,- ասաց Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ որևէ սխալ քայլի դեպքում իրենք իշխանություններին մեկին տասնապատիկ պատասխան կստանան:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները, իրենց տարածած հայտարարության մեջ ուղերձ էին հղել նաև քաղաքական ուժերին: Հայտարարության մեջ ասվում է, որ վերջապես ժամանակն է խոսքից անցնել գործի, ցուցադրել համաժողովրդական միասնություն և դուրս գալ հրապարակ:

Անկախ

Tags: