Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին

Լարիսա Ալավերդյան«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս օրերին հայ և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ուկրաինական դեպքերից, նկատեց, որ բռնությունների այն աստիճանը, որ կա Ուկրաինայում,  ընդունելի չէ, քանի որ բռնությունը ծնում է բռնություն:

«Մարտի 1-ին մենք սա էլ պետք է հիշենք: Մայդանից են բոլորը  սպասելու այն, ինչը մեզ մոտ մինչ այսօր չի ստացվել: Երեք միլիոն բնակչության համար տասը զոհը շատ մեծ թիվ է, և պատասխանատուներին  չգտնելն ու չպատժելը մեր հասարակության վրա շատ ծանր կանդրադառնա` ազդելով մեր առաջընթացի վրա»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ Ուկրաինայի ընդդիմությունն այսօր էյֆորիայի մեջ է, և դեռ պարզ չէ` ի՞նչ է անելու այդ ծայրահեղական և սեպարատիզմի տանող ուժը:

Չնայած նրան, որ ուկրաինացիների բողոքը հիմնավորված էր, Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին: Ամեն դեպքում, Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ ուկրաինացիների հետևողականությունը նախանձելի է:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Եվրոպան նրբանկատություն չի ցուցաբերում, և այդ հակառուսական մեղեդին նրա սրտով է: Ըստ նրա` Ռուսաստանը զարմանալիորեն ավելի զուսպ է: Մյուս կողմից էլ ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի` սխալ է ուկրաինական նոր  իշխանությունների խիստ եվրոպամետությունը:

«Ինչպես որ մեզ համար շատ վատ է ռուսական իշխանություններից ամբողջովին կախվածությունը, այնպես էլ շատ վատ է ուկրաինական ընդդիմության` եվրոպական ազդեցությունից կախվածությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 Անկախ

Tags: , ,