Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարն առաջարկում է քաղաք կառուցել ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող ազատագրված տարածքներում

ազատագրված տարածքներՍումգայիթի ողբերգության տարելիցին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամները ներկայացրեցին վերջին մի քանի ամիսների ընթացքում նախագահության գործունեությունը:

Նախագահության անդամների խոսքով` 2013-ի հոկտեմբերին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Նախագահության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ որոշում կայացվեց ԱԺ-ում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հիմնախնդիրների շուրջ հայեցակարգի մշակման համար համապատասխան հանձնաժողով ձևավորել: Սակայն արդեն չորս ամիս է անցել, բայց որևէ քայլ ԱԺ-ի կողմից չի ձեռնարկվել: Նախագահության բազում հարցումներին էլ ԱԺ-ն տվել է անորոշ պատասխաններ:

Նախագահությունը ձեռնարկել է նաև «Բուն Աղվանքի, Հյուսիսային Արցախի և Նախիջևանի պատմամշակութային թանգարանի» ստեղծման գործընթացը: Քննարկուները սկսվել են ՀՀ կառավարությունում, և նախնական առաջարկի համաձայն` այն կլինի Երևանի որևէ թանգարանի մասնաճյուղ: Սակայն Նախագահությունը մշակում է և առաջիկաում ՀՀ և ԼՂՀ իշխանություններին կներկայացնի ազատագրված տարածքներում թանգարանային համալիրի կառուցման նախագիծը:

Համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը տեղեկացրեց, որ 2011-ի նոյեմբերի 11-ին հաստատվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգնման հռչակագիրը, որում նշված է, որ փախստականները իրավունք ունեն իրենց հայրենիքի ցանկացած մասում կառուցել քաղաք, որն իրենց միջազգային իրավունքի իրացման հնարավորությունն է: Եվ որպես տարածք համագումարի անդամներն ընտրել են ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող ազատագրված տարածքներում գտնվող Հակարի կիրճը:

«Մենք նախատեսում ենք 100 000 բնակչությամբ քաղաք այդ վայրում, որը կլինի նախևառաջ հայ փախստականների քաղաքը: Մենք հնարավորություն ունենք այդ քաղաքում հավաքել քաղաքաբնակ փախստականներին, ինչը չի արվել բռնագաղթը սկսվելուց հետո: Քաղաքը կունենա մոտ 20 քառակուսի կիլոմետր տարածք և կլինի հիմնականում ագրարային: Հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է ապահովել քաղաքի գրավչությունը, որպեսզի փախստականները գան և բնակություն հաստատեն»,- ասաց Մարիամ Ավագյանը` հավելելով, որ քաղաքի կառուցման ֆինանսավորումը պատրաստ են տրամադրել հենց ադրբեջանահայ փախստականները:

Մարիամ Ավագյանի խոսքով` քաղաքի ստեղծման նախագիծը պետք է հաստատի իշխանությունը:

«Անցած տարվա մայիս ամսին մենք դիմել էինք ԼՂՀ իշխանություններին հողհատկացման խնդրանքով, մինչև հիմա նրանց պատասխանը տեղ չի հասել: Ես չգիտեմ` ինչո՞վ է պայմանավորված նրանց անվստահությունը»,- ասաց բանախոսը` նշելով, որ այդ տարածաշրջանը վերաբնակցենելն անհրաժեշտություն է ինչպես փախստականների, այնպես էլ մեզ համար:

 Անկախ

Tags: , , ,