Ճանաչիր Երևանը նաև հեծանիվների միջոցով

DSC_0060Մայիսի 11-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքին, որը կանցկացվի  մայիսի 26-ին։ Ասուլիսի բանախոսներն էին ծրագրի կազմակերպիչներ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը և «Հայասա» երիտասարդական ՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը: Ծրագիրը կյանքի է կոչվում «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ «Ճանաչիր Երևանն» ունի մի քանի նպատակ։ Նախ՝ կազմակերպիչները ցանկանում են ապացուցել, որ հեծանիվներով հնարավոր է անցնել Երևանի մի կետից մյուսը, և քաղաքի ռելիեֆը դրա հնարավորությունը տալիս է։ Այս նախաձեռնությունը կմեծացնի հետաքրքրությունը հեծանվային սպորտի նկատմամբ, բացի այդ, հեծանիվն ավելի շատ կօգտագործվի առօրյայում որպես փոխադրամիջոց։ Հեծանվավազքի հաջորդ կարևորագույն կոմպոնենտը երիտասարդության համախմբումն է։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար կարևոր է ցանկացած նոր գաղափար, որն իր շուրջ կհամախմբի երիտասարդների։ Մենք փորձում ենք, պահպանելով ավանդական ծրագրերը, կյանքի կոչել նոր գաղափարներ, որոնք ավելի կընդլայնեն երիտասարդների հետաքրքրությունները»,- նշեց Արուսյակ Պողոսյանը:

Պատասխանելով ՀԵՀ-ի ծրագրերի մասին լրագրողների հարցին՝ Արուսյակ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես հանդես է գալիս բազմաբնույթ երիտասարդական նախաձեռնություններով։ Մասնավորապես առաջիկա ամենամեծ ծրագրերից է օգոստոսին մեկնարկելիք ավանդական «Բազե» հավաքը: Նա նաև առանձնացրեց արդեն երրորդ տարին կազմակերպվող կրթաթոշակի տրամադրման մրցույթը, որի շրջանակներում արդեն իսկ փոխհատուցվել է ավելի քան 2000 ուսանողի ուսման վարձ։ Այս տարի ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի են արժանացել նաև Հայաստանում ուսանող 111 սիրիահայ երիտասարդներ։

«Հայասա» երիտասարդական ՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը, անդրադառնալով «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթին, նշեց, որ հեծանվավազքին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 300 երիտասարդ՝ հասարակական կազմակերպություններից, ուսանողական խորհուրդներից, երիտասարդական խմբերից։ Նրանք մրցույթին կմասնակցեն 5 հոգանոց թիմերով: Յուրաքանչյուր խումբ կանցնի Երևան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Tags: