Շիրակի համայնքները 33 մլն պարտք են պետությանը

Մովսես Մանուկյան2013-ի գյուղատնտեսական տարի Շիրակի մարզի համար բավական հաջող էր, արձանագրվել էր ընդհանուր համախառն արտադրության աճ: Քանի որ Շիրակը հիմնականում արտադրում է հացահատիկային մշակաբույսերը, նախորդ տարի, միայն աշնանացան ցորենի ցանքերն աճ են՝ 1700 հա-ով: Մարզում կատարվել են նաև մի շարք ծրագրեր, ինչպես օրինակ ամբողջ հանրապետության ցորենի սերմնարտադրության ծրագիրը. այդ ուղղությամբ մարզ է ներկրվել և ցանվել առաջին անգամ՝ սուպերէլիտա ցորենի վերատադրության սերմնացու, շուրջ 11 տոննա: Ծրագրից օգտվել է 5 ֆերմերային տնտեսություն, նշված ցորենով ցանվել է 45 հա: Էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու ծրագրից օգտվել է 38 շահառուների, ցանվել է 400 հա: Իսկ առաջին վերարտադրության 1335տ աշնանացան ցորենի սերմացուն, որը համայնքների միջոցով հատկացվել են գյուղացիական տնտեսություններին, տրվել է 73 համայնքի, ընդհանուր ցանկը՝ 4450 հա: Գյուղատնտեսության նախարարության ցորենի սերմնաբուծության ծրագրով Շիրակի մարզում ցանվել է 4895 հա բարձր վերարտադրության ցորենի ցանքատարածություն:

- Սակայն, սրա հետ մեկտեղ, մենք ունենք մի ցավոտ խնդիր՝ 2012-13թթ. առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարների հավաքագրման և սերմերի գործակալություններ մուծման ուղղությամբ: Ներկա պահին մենք ունենք մոտ 33 մլն դրամի պարտք Շիրակի մարզի մի շարք համայնքների կողմից: Անհրաժեշտ եմ գտնում թվել այդ համայնքները՝ Այգաբաց (1.4 մլն), Մարմաշեն (1.16 մլն), Բենիամին (0.67 մլն), Հովունի (0.8 մլն), Հոռոմ (0.8 մլն), Սպանդարյան (1.4 մլն), Վարդաքար (1.4մլն), Փոքր Մանթաշ (1.4 մլն), Աղին (0.64 մլն), Իսահակյան (3.2 մլն), Լուսաղբյուր (0.7 մլն), Հայկաձոր (1.7 մլն), Ձիթհանքով (1 մլն), Սարակապ (1 մլն), Ողջի (1.2 մլն), Զույգաղբյուր (2.5 մլն) և Փոքր Սարիար (0.3 մլն): Կան համայնքներ էլ, որոնց պարտքը կազմում է համեմատաբար փոքր գումար: Բոլոր շահառուներին ասեմ, որ գյուղատնտեսության նախարարի համապատասխան գրության համաձայն հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց պարտք ունեցող համայնքներին գարնանացանի համար սերմացուի հատկացում չի կատարվելու, – հայտարարեց Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Վարչության պետն ասում է, որ պարտքերը կապված չեն բերքի ոչ այնքան առատության կամ եղանակի հետ, քանի որ մարզում լավ բերք է եղել, իսկ կարկահարությունից էլ մեկ համայնք է տուժել՝ Գուսանագյուղը, որն էլ իր բոլոր պարտավորությունները կատարել է: Շիրակի մարզպետարանում սա համարում են համայնքապետերի վատ աշխատանքի արդյունք: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասում է, այլևս չի լինելու այնպես, որ սերմը տանք, ցանեն, հետո գումարները փոխանցեն, այսուհետ՝ գումարը նախօրոք կվճարեն նոր սերմացուն կստանան, որպեսզի նմանատիպ խնդիրներ առաջ չգան:

Անկախ

Tags: , ,