ԱԺ մեծամասնության նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծն ընդունվեց 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ կարծում են, որ հանձնաժողովը լուրջ գործիք կարող է լինել բացահայտելու մութ կետերը:
Նախագծին դեմ քվեարկած պատգամավորները “Ժառանգության” ներկայացուցիչներն են, քանի որ երեկ նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթների ժամանակ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու, իսկ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը դեռ պետք է կքննարկեն խմբակցությունում:
Ձեռնպահ քվեարկածները ՀՅԴ և ԲՀԿ խմբակցության անդամներն են:
Գազի հարցից հետո քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Սակայն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Tags: Ազգային ժողով, գազի հանձնաժողով
