Գյումրին ու Շիրակի մարզը՝ գարնանային հեղեղումների վտանգի տակ

գյումրի, հեղեղումներ

Գարունն արդեն շատ մոտ է ու օդի ջերմաստիճանն էլ բարձր է, ուստի և ձնհալը, և սպասվող անձրևային տեղումները հեղեղումների առիթ կդառնան շատ համայնքների համար: Շիրակի մարզին բնորոշ տարերային բնույթի վտանգավոր երույթներից են գարնանային վարարումները և սելավները, որոնք կարող են առաջացնել արտակարգ վիճակներ՝ պատճառելով խոշոր նյութական վնասներ: Մարզի առավել հեղեղավտանգ տարածքներն են Ախուրյան, Աշոցք, Ձորագետ գետերի, Ղորղոփա, Գյումրիչայ, Թորոսչայ և Ջաջուռ գետակների ավազանների հողատարածքներն ու բնակավայրերը: Առավել սելավատար տարածքներ են Ողջիի, Մարալիկի, Արթիկի, Մարմաշենի և Հովունիի սելավատարների ընդգրկած տարածքները:

- Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների անհետևողական աշխատանքի հետևանքով համայնքներում շատ հաճախ հեղեղումների պատճառ է հանդիսանում նաև կենցաղային աղբը, որը բնակիչների կողմից լցվում է սելավատարները: Բնակչության կողմից, համայնքի տարածքով անցնող գրեթե բոլոր գետերի հուներն ու սելավատարները լցվում են կենցաղային աղբով: Խիստ մտահոգիչ են Գյումրի քաղաքում Ղորղոբա և Գյումրի գետակների, Ախուրյան, Ազատան համայնքներում Ջաջուռ գետակի, Աշոցք համայնքում՝ Աշոցք գետակի, ինչպես նաև Արթիկ, Մարալիկ, Մարմաշեն, Հովունի և Ողջի համայնքներով անցնող սելավատարների վիճակը, – ասում է մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը: Հեղեղավտանգ ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումների կանոնակարգված կազմակերպման նպատակով յուրաքանչյուր տարի Շիրակի մարզպետի կողմից ընդունվում է մարզում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին որոշումը, որով հատուկ հանձնարարականեր են տրվում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, արվում են առաջարկություններ շահագրգիռ կազմակերպություններին և համայնքների ղեկավարներին՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:
Վարչության պետն ասում է, որ 2013-ին այս ուղղությամբ բավական աշխատանք տարվել է.
- Մարզում իրականացվել է շուրջ 7300մ երկարությամբ գետերի հուների, ջրանցքների, հեղեղատարների մաքրման, ափերի ամրացման աշխատանքներ: Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքային, ինչպես նաև մարզի թվով 10 գյուղական համայնքներում անցկացվել են բնակչության պաշտպանության միջոցառումների սելավների սպառնալիքների դեպքում սեմինարներ:
Նա համայնքների ղեկավարներին նախազգուշացնում է, որ եղանակային տաքացման հետևանքով համայնքներում կարող են տեղի ունենալ ջրերի բարձրացումներ, հեղեղումներ և այլն, որպեսզի պատրաստի վիճակում պահեն արագ արձագանքման փրկարարական խմբերը, աշխատեն ԱԻ փրկարարների հետ, կազմեն համապատասխան պլան, միջոցառումները կատարեն ճիշտ ժամանակին:
Վարչության պետն այստեղ նաև կարևորում է բնակիչների դերը, քանի որ միայն հիշյալ տարածքների մաքրելը չէ, պետք է նաև մարդիկ հետ սովորեն գետակներում ու ջրանցքներում աղբ թափելուց:
Հավելենք, որ նախորդ տարի Գյումրի և Ղորղոբա գետակների հուների մաքրման աշխատանքներ կատարվեցին, նույնիսկ տարածքներում նախատեսվածից շատ աղբամաններ դրվեցին, սակայն, բնակիչները շարունակում են աղբը թափել գետակի մեջ:

Անկախ

Tags: , ,