«Մինչ օրս ոչ մի բացատրություն չկա` ինչո՞ւ փակվեց Սումգայիթի հարցը». Հրայր Ուլուբաբյան

Հրայր ՈւլուբաբյանՍումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит…Геноцид…Гласность» գրքի համահեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իշխանությունը պետք է բարձրացնի 1988-ին Ադրբեջանում տեղի ունեցած սումգայիթյան ջարդերի հարցը և դիմի միջազգային դատարան, հարց, որը 25 տարի առաջ զարմանալիորեն փակվեց իշխանության և «Ղարաբաղ» կոմիտեի կողմից:

«Ես խոսել եմ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ, հարցրել եմ, թե ինչու փակվեց սումգայիթյան ջարդերի ճանաչման հարցը, ինձ պատասխանել են, որ հարցնեմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես մինչ օրս Լևոն Տեր-Պետրոսյանից չեմ լսել ոչ մի բացատրություն կամ գրություն, թե ինչու փակվեց Սումգայիթի հարցը»,- ասաց Հրայր Ուլուբաբյանը: Հրապարակախոսի խոսքով` այսօր համացանցում սումգայիթյան ջարդերի վերաբերյալ երկու պատմություն կա՝ հայկական ու ադրբեջանական: Ադրբեջանցիները ներկայացնում են նույնիսկ, որ հայերն են կազմակերպել ջարդը, այնինչ ջարդն արվել է Ադրբեջանի կողմից ամենաբարձր և կազմակերպված մակարդակով, որի մասին իմացել է Մոսկվան:

«Առանց Մոսկվայի իմացության նման ջարդեր Բաքվում ու Սումգայիթում չէին կարող իրականանալ»,- ասաց հրապարակախոսը` նկատելով, որ հարցը հրահանգել է փակել ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը:

Ըստ Հրայր Ուլուբաբյանի` Հայաստանը 25 տարի առաջ ընդունել է սումգայիթյան ջարդերի հարցի շուրջ մի ողորմելի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ Հայաստանը դատապարտում է կատարվածը: Մինչդեռ այս հարցը պետք է բարձրացվեր Ազգային ժողովում, որոշում ընդունվեր միջազգային դատարան դիմելու մասին:

«Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը ավելի քան 100 հայի են կոտորել: Ջարդի կատարողները պետք է իրենց պատիժը կրեն օրենքի ողջ ուժով»,- ասաց Հրայր Ուլուբաբյանը:

Անկախ

 

Tags: , ,