Ազգային ժողովում քննարկվում է Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը

hak-6ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քննարկման է  ներկայացրել ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Ջհանգիրյանի խոսքով՝ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդ հանձնաժողովից, քանի որ փաստահավաք առաքելություն չի իրականացնելու, այլ ներկայացնելու է եզրակացություն, քանի որ փաստերը վեց տարիների ընթացքում հավաքվել են: «Հանձնաժողովը զբաղվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, գնահատելու է ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու կայացրած որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը»,-ասաց Ջհանգիրյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչո՞ւ Մարտի 1-ի գործը չի կառչվում, եթե վերջին տարիներին որևէ աշխատանք չի կատարվում, իսկ տուժողներին էլ չի ներկայացվում այդ աշխատանքների մասին տեղեկատվություն: Նա ենթադրում է, որ եթե գործը կարճեն, ապա տուժողներին պետք է ներկայացնեն գործին առնչվող հավաքված փաստերը, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:

Ի պատասխան ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հարցի՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ հանձնաժողովում թվային առավելությամբ կամ զոռբայությամբ հարցեր անցկացնելու հնարավորություն չի լինի, քանի որ թվային որևէ առավելություն չի լինելու: Ավելին, եթե մեծամասնությունն ունի մտավախություն, ապա հանձնաժողովում քաղաքական կոալիցիան կարող է ունենալ առավել քանակով անդամներ: «Ես վստահ եմ, որ եթե դուք մասնակցեք հանձնաժողովի աշխատանքներին, լսեք մասնագետների խոսքն ու ներկայացված փաստերը, չեք կարող այլ դիրքորոշում ունենալ»,-համոզված է Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովն ընդամենը եզրակացություն է ներկայացնելու, իսկ գործի բացահայտման պարտականությունը կրում են քրեադատավարական մարմինները:

Սամվել Ֆարմանյանը նաև հարցրեց, թե արդյոք Ջհանգիրյանը չի կարծում, որ պետք է քննարկվի նաև բոլոր քաղաքական ուժերի մասնակցության և պատասխանատվության հարցը՝ ի նկատի ունենալով ՀԱԿ-ին: Ջհանգիրյանն ասաց, որ իրենք սիրով այդ խնդիրը նույնպես կարղ են ներառել հանձնաժողովի «խնդիրներ» բաժնում:

ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանն էլ, ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությանը, որ իր օրոք երբևէ գործերը չեն կոծկվել, ասաց, որ կարող է հակադիր օրինակներ բերել և որպես հոկտեմբերի 27-ի գործով տուժած մարդ՝ նշեց, որ այդ ժամանակ էլ բազմաթիվ հարցականներ կային, և հետաքրքրվեց, թե արդյոք նա չի կարծում, որ մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել  27-ի գործը բացահայտելու համար:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կողմ ենք նման հանձնաժողովի ստեղծմանը:

Բաբուխանյանի մյուս հարցին, որը վերաբերում էր մարտի 1-ին գործին ՀԱԿ-ի և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությանը, Ջհանգիրյանն ասաց, որ այո, պետք է կազմակերպիչների պատասխանատվության հարցն էլ ներառվի խնդիրների մեջ:

Հայկ Բաբուխանյանը կասկած հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ եղած դեպքում կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ նա անգամ քննչական մարմին չի ներկայացել: Ջհանգիրյանը հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետորսյանին չեն հրավիրել քննչական մարմին: Ինչ վերաբերում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկա գտնվելուն, ապա Ջհանգիրյանը ոխստացավ. «անձամբ նրան խնդրել և համոզել, որ հարկ եղած դեպքում ներկա գտնվի»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին էլ անիմաստ է թվում կրկին այս հարցը ՀԱԿ-ի կողմից բարձրացնելը, քանի որ մտավախություն ունի, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամները, ՀԱԿ-ը հաջողության չի հասնի: «Չեմ հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված նույն փոցխի վրա կանգնելու ձեր հերթական փորձը»,-ասաց Արզումանյանը:

Հանրապետական Մարգարիտ Եսայանը մինչ հարց տալը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ նշելով, որ քառօրյան ավարտվելու է, և այդ օրը իրենք հնարավորություն չեն ունենալու դա անել: Առաջարկն ընդունվեց:

Այնուհետև պատգամավորը, դիմելով Գագիկ Ջհանգիրյանին, նկատեց, որ նա պատգամավորների հարցերին պատասխանում է բավականին երկար ու խիստ, այսինքն, պրոֆեսիոնալ, ինչն իրականում շատ հաճելի է, սակայն, ակնարկեց նա, Ջհանգիրյանն իր գործն է անում: «Ձեր ճարտասանությունն ինքնին պետք է ձեզ բավարարի»-նկատեց Մարգարիտ Եսայանը:

«Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում»,-ակնարկեց Ջհանգիրյանը:

Մարգարիտ Եսայանը նրբանկատորեն չցանկացավ արձագանքել ակնարկին՝ նշելով, որ դա թողնում է Ջհանգիրյանի ճաշակին:

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը հավատում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն պնդումներին, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին թալանի և հափշտակության թույլտվություն չի տվել և կարծում է, որ քաղաքական մեծամասնությունը նաև սպանության թույլտվություն թույլ չի տվել, ուստի պետք է շահագրգռված լինի այդ սպանությունների բացահայտման գործում: Սակայն Ջհանգիրյանն առայժմ զարմանում է, որ իշխանությունները շահագրգիռ չեն այդ հարցում:

 

Անկախ

Tags: , , ,