«Անվտանգության խորհրդում կայացած քննարկման արդյունքում հավանության է արժանացել երեք կարևորագույն հարց». Արթուր Բաղդասարյան

արթուր բաղդասարյանՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց երեկ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման հիմնական հարցերը: Նրա խոսքով` քննարկման արդյունքում հավանության է արժանացել երեք կարևորագույն հարց:

Առաջինը վերաբերում է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, համաձայն որի` Հայաստանում ներդրվելու է այլընտրանքային պատիժների նոր համակարգ, որը նվազ հանցանք գործածներին հնարավորություն կտա այլ պատժամիջոցներով պատիժ կրել:

«Այսօր Հայաստանում իրենց պատիժն են կրում մոտ 3900 մարդ: Այս բարեփոխման արդյունքում շուրջ 1300 պատիժ կրողներ հնարավորություն կունենա այդ ծառայության պատժատեսակներից օգտվել, որոնցից է, օրինակ, տնային կալանք: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունը բազմաթիվ եվրոպական երկրներում: Այն հնարավորություն կտա նաև ապահովել սոցիալական արդարություն, միևնույն ժամանակ պատժի կիրառման անխուսափելիություն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Երկրորդ կարևորագույն հարցը, որը հավանության է արժանացել, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ծրագիրն է: Արթուր Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդ համագործակցության ոլորտում լավ արդյունքներ է գրանցել:

«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարևորումը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Մենք ՀԱՊԿ-ի հետ նախաձեռնել ենք միացյալ ավիացիայի ստեղծումը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ: Միացյալ ավիացիայի ստեղծումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկվում է նաև ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը:

Եվ վերջապես, երրորդ կարևորագույն հարցը, որը հավանության է արժանացել,  վերաբում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը:

«Մենք այսօր Մաքսային Միությանն անդամակցության հայտ ենք ներկայացրել, բայց, միևնույն ժամանակ, շարունակելու ենք Եվրամիության հետ մեր սերտ համագործակցությունը: Երեկ Եվրամիության հետ տեղի ունեցած մեր հերթական նիստին հայտարարվեց, որ Եվրամիությունը շարունակելու է ձևավորել Հայաստանի հետ միասնական օրակարգի ստեղծումը: Եվրամիության կողմից արդեն 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացվել Հայաստանին` կոռուպցիայի ոլորտում բարեփոխումների իրականացման համար: Բացի այդ, Եվրամիությունը 2014-2020 թվականներին ֆինանսական աջակցություն կհատկացնի 16 երկրի, որոնց թվում է նաև Հայաստանը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 Անկախ

Tags: , ,