«Բանակը որևէ կապ չունի մարտի 1-ի իրադարձությունների հետ». Գուրգեն Արսենյան

gurgen_arsenyan_1391575690Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը միարժեքորեն կողմ է: Նա գտնում է, որ կան հարցեր, որոնք իրենց պատասխանները մինչ օրս չեն ստացել: Եվ որպես նույն հարցով ԱԺ նախորդ ժամանակավոր հանձնաժողովի արտախորհրդարանական ներկայացուցիչ, նա խոստովանում է, որ ճիշտ է` այդ հանձնաժողովն աշխատել է ջանասիրաբար, սակայն արդյունքն այն է, ինչ կա, այսինքն` հանրությանը հուզող հիմնական հարցերի պատասխաններն այդպես էլ չկան:

Մեկ նախադասությամբ ձևակերպելով այդ հանձնաժողովի առաջին նիստին իր հնչեցրած հետևյալ միտքը, որ որպես կանոն` պատմությունը գրում են հաղթողները, նա ասաց, որ այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ հանձնաժողովը ձևավորված է այն անդամներով, որոնք ներկայացնուևմ էին այդ քաղաքական հակամարտության մի կողմը` իշխանությունը:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ այդ հանձնաժողովի աշխատանքների հակամարտության մյուս կողմը հրաժարվեց մասնակցել` ստեղծելով փաստահավաք խումբ և ծավալելով փաստահավաք գործունեություն:

Այնուամենայնիվ, Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ գոնե մի հարց անձամբ իրեն հաջողվել է այդ հանձնաժողովում աշխատելիս պարզել: Խոսքը վերաբերում է այն կասկածին, թե արդյոք այդ օրը բանակը մասնակցել է այդ ողբերգական իրադարձություններին: Կիրառելով իր նեղ մասնագիտական գիտելիքները` Արսենյանն անձամբ ստուգումներ է իրականացրել, նույնիսկ համեմատական ձեռագրաբանական փորձաքննություն է անցկացրել և  կարողացել է իր վրա պատասխանատվություն վերցնել հայտարարելու, որ ՊՆ թիկունքի ծառայությունը որևէ կապ չունի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Մնացած հարցերի դեպքում, համաձայն եմ, պատասխաններ դեռ չունենք: Բայց գոնե այդ մի հարցում կասկածները փարատված են, և մենք պետք է բանակի վրայից հանենք այդ հնարավոր կասկածը»,-հայտարարեց պատգամավորը:

 

Անկախ

Tags: , , ,