Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, որոնցից միայն 4332-ն են հաշվառված

նյութի նկարՀայաստանում ամենից շատ թմրանյութ օգտագործում են Երևանում, մարզերից՝ Արմավիրում: Ի դեպ, ոչ միայն Արմավիրում, այլև ողջ Հայաստանում բնակլիմայական պայմաններով պայմանավորված` հեշտությամբ կանեփ է աճում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
Ըստ Արթուր Մինասյանի` ինչպես ողջ աշխարհում է նկատվում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճ՝ մոտ 7%–ով, այնպես էլ Հայաստանում:

«2012-ին գրանցվել է և բացահայտվել է 1139 հանցագործություն, 2013-ին՝ 1222 դեպք: Եթե 2012-ին առգրավվել է 23կգ 440 գ թմրանյութ, ապա 2013-ին՝ 95 կգ-ից ավելի։ Հայաստանում գլխավորապես օգտագործվում է կանեփ տեսակի բույսից պատրաստված  և մարիխուանա տեսակի թմրանյութ: Եղել են դեպքեր, երբ փորձ է արվել թմրանյութ ներկրել հարևան Իրանից: Փորձել  են ներկրել մոտ 14 կգ թմրամիջոց: Գրանցվել է նաև հաշիշ-ափիոն տեսակի նյութերի առևանգում մոտ 1 կգ-ի չափով»,- ասաց Արթուր Մինասյանը:

Բանախոսի փոխանցմամբ` թմրամիջոցների ապօրինի օգտագործողերի թիվն ավելացել է: Եթե 2012-ին հայտնաբերվել է  թմրամիջոցներ  ապօրինի օգտագործող 1009 ՀՀ քաղաքացի, 2013-ին այս թիվն աճել է՝ դառնալով 1523:

ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանի խոսքով՝ թմրամոլների տարիքը հիմնականում տատանվում է 25-40-ի միջակայքում: Թմրամոլների 20%-ը բուժվում է, 80%-ը ինչ-որ շրջանում դարձյալ վերադառնում է թմրանյութերին: Տարեկան 9-10 անչափահաս է դառնում թմրամոլ:

«Հայաստանում   նաև, այսպես կոչված, սինթետիկ թմրամիջոցների օգտագործման մի քանի դեպք է գրանցվել: Այս թմրամիջոցներն արտադրվում է Չինաստանում: Թմրամիջոցին խառնվում է շատ քիչ քանակությամբ սինթետիկ նյութ, որի շնորհիվ թմրամիջոցի ներգործությունը հինգ անգամ ավելի շատ է լինում և շատ ավելի մատչելի է ափիոն-հերոինից։ Ներերակային թմրամիջոց օգտագործողների թիվը նվազել է ի հաշիվ այլ տեսակի թմրանյութերի: Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, սակայն հաշվառվածները 4332 են, որոնցից 85-ը թունամոլ է, այսինքն` չարաշահում է հոգեմետ դեղամիջոցները: Հաշվառված թմրամոլների թվում կանայք 55-ն են: 30 000-ից 12 700-ը ներերակային թմրամիջոց օգտագործող թմրամոլներ են»,- ասաց Պետրոս Սեմիրջյանը:

 

Tags: , ,