Քրեական հիմնարկների օրինակով հսկողության տա՞կ եք պահում բուհերը. Փաշինյանի հարցը Աշոտյանին

աշոտյան-փաշինյանԱյսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանին: Նրան մասնավորապես հետաքրքրում էր Տնտեսագիտական և Ագրարային համալսարանների ուսանողների գռեհիկ վարքը, որ այդպես էլ մնացել է անպատիժ: Նիկոլ Փաշինյանն  իր խոսքում շեշտեց. «Փոխանակ ԿԳՆ-ն պատժի այդ երիտասարդներին, ՀՀ երիտասարդական հիմնադրամը տնտեսագիտականի Ուսանողական խորհրդին պարգևատրում է մրցանակով, ինչից հետո` փետրվարի 13-ին, ոգևորված, Ագրարային համալսարանաի  ՈՒԽ-ն է  փողոցային «ռազբոռկա» սարքում իրենց իրավուքն իրացնող քաղաքացիների հետ: Պարոն Աշոտյան, ի՞նչ է  կատարվում կրթության համակարգում: Քրեական հիմնարկների օրինակով հսկողության տա՞կ եք պահում բուհերը: Եթե չեք պատժում ուսանողներին ռեկտորների գլխավորությամբ,  ուղերձ եք հղում հասարակությանը, որ ինքը լուծի այդ հարցը: Թե՞ կարծում եք ՀՀԿ-ի պինդ տղերքի նման պինդ մարդիկ չկան: Կան և  ուրիշ անգամ բոլորովին ուրիշ արդյունք կլինի»:

Արմեն Աշոտյանն   իր պատասխանում նկատեց, որ Փաշինյանի հարցի  սրությունը կապ չուներ հարցադրման էության հետ: Նա կոչ արեց կրթության մասին խոսելիս խորհրդարանում ուրիշ տոն օգտագործել. «Չեմ կարծում, որ ձեզ հետևողների թիմը մարտի մեկից առաջ կավելանա, եթե նման կերպ խոսեք, – ասաց Արմեն Աշոտյանը, ապա շարունակեց,-ասեմ, որ կրթության ոլորտը ապաքաղաքականցված է ավելի, քան երբևէ: Հիշեցնեմ, որ այդ համալսարանի ուսանողական խորհուրդը ներողություն է խնդրել վիրավորանքների համար: Եվ հետո` չե՞ք կարծում, որ շատ լավ է, որ չենք հեռացրել ոչ մի ուսանողի: Դուք, որ քաղաքական պատճառներով հեռացվել եք համալսարանից, պետք է ուրախ լինեք, որ այսօր քաղաքական պատճառներով ոչ ոք չի զրկվում կրթության իրավունքից»:

Նիկոլ Փաշինյանին պատախանն էլ ավելի վրդովվեցրեց. «Կարո՞ղ ա Մարտի մեկի հանցագործներն էլ են ներողություն խնդրել, որ չեք պատժում: Քրեական հանցագործությունը ենթադրում է քրեական պատիժ: Ինչ վերաբերում է իմ տոնին, ավելի լավ է ձեր կառավորության անդամներին  սովորեցնեք` ինչ տոնով խոսել խորհրդարանում: Խոսելու ենք այնպես, ինչպես դուք եք խոսում»:

Սրանից հետո Արմեն Աշոտյանը, չգիտես ինչու, հայտարարեց, որ, այնուամենայնիվ, նկատեց Փաշինյանի տոնի մեղմացում:

Անկախ

Tags: , , ,