«Սա ռեկետ է». Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների հարցը

nikol pashinyan newՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները գործնականում զանգվածային ձևով արձանագրում են, թե ՀՀ ավտոճանապարհներին նախկինում երբեք իրենց այսպիսի թալանի չեն ենթարկել. «Խոսքը տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների մասին է»,-պարզաբանեց նա` ներկայացնելով կառավարությանն արված իր հարցման նույնքան տխրահռչակ արդյունքները:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն` քաղաքացիները տեսախցիկների տեղադրումից հետո ութ ու կես միլիարդ դրամ ավելի գումար են վճարել: «Սա ռեկետ է, հատկապես որ կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գազի գինն եք թանկացնում: Քիչ է մնում մեր «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեք տեսնելու համար, թե մենք պատճաշ արագությամբ ենք մեր տներից դուրս գալիս, թե ոչ: Սա արվում է մարդկանց գրպանից փող գռփելու համար, իսկ գումարը չի մտնում պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ եթե Փաշինյանը դա որպես ռեկետ է դիտարկում, ապա նույն տրամաբանությամբ ռեկետ են բոլոր հարկերը, վճարներն ու տուրքերը: Նախարարն էլ իր հերթին հարցրեց, թե կարող է՞ արդյոք պատգամավորն արձանագրել մի դեպք, որ խախտում չի եղել, սակայն արձանագրվել է: «Հակառակ դեպքում կարող ենք նստել և պայմանավորվել, որ մեզ ոստիկաններ էլ պետք չեն, ընդհանրապես հանենք ոստիկանությունը»:

Ինչ վերաբերում է գումարները պետական բյուջե չմտնելուն, ապա նախարարը որոշակի թվերով փաստարկներ բերեց, որ այդ գումարներից ծախսեր են արվել նաև պետական կարիքների համար, իսկ մի մասն էլ օգտագործվել է որպես պարգևատրային գումար:

Սակայն Փաշինյանին նախարարի պատասխանը չբավարարեց. «Դուք չպատասխանեցիք ամենակարևոր հարցին` Սերժ Սարգսյանի եղբա՞յրը որքան շահույթ է ստացել այս գործարքից»:

Հրայր Թովմասյանն էլ իր հերթին հարցրեց, թե Փաշինյա՞նը որքան եկամուտ ունի այդ գործարքից:

Ինչ վերաբերում է անհիմն խախտումներին, ապա Փաշինյանը հիշեցրեց Դավթաշենի կամրջի օրինակը` նշելով, որ դրա մասին ամբողջ Երևանը գիտի: «Մարդկանց սովորական ճանապարհին ամիսը մեկ փոփոխություններ են արվում»,-նկատեց նա:

Նա խոստացավ իր պատգամավորական լիազորություններն օգտագործելով` սեփական հետաքննությունն իրականացնել, որովհետև կարծում է, որ այդտեղ կա հսկայական կոռուպցիա: «Միանշանակ այս տեսախցիկները պետք է հանվեն և պետք է սկսվի հետաքննություն խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանն էլ հորդորեց ազնիվ լինել և ընդունել ոստիկանության կողմից հրապարակված թվերը, թե այդ տեսախցիկների տեղադրումից հետո մահվան ելքով վթարները որքան են նվազել: «Իմ համար մեկ մարդու կյանքը շատ ու շատ ավելի կարևոր է, քան այդ գումարները,-ասաց Հրայր Թովմասյանը,-իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհն է գնացել այս ճանապարհով, և սա նորություն չէ»:

 

Անկախ

Tags: , , , ,