Վարչապետը խորհրդարանում ներկայացրեց Մեդվեդևի հետ հանդիպման մանրամասները

Tigran-Sargsyan.AJ03Հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վաչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց առավել մանրամասն ներկայացնել Սոչիում իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները` մասնավորապես կապված Մաքսային միության,«Ռուսնևտ»-ի և ատոմակայանի հարցերի հետ:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ Մաքսային միության թեման առանցքային է, և իրենք հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել մանրակրկիտ քննարկել այն: Պայմանավորվածություն է եղել, որ ողջ աշխատանքները լինեն բաց և թափանցիկ, և աշխատանքային խմբերի ղեկավարներն արդեն իսկ հաշվետվություն են տալիս հանրությանը:

Վարչապետի խոսքով` սեմինարներ են անցկացվում բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի պարզ լինի, թե նրանք ինչ նորմատիվային դաշտում են հայտնվելու: «Լինելու է նաև գրանտային օգնություն ՀՀ կառավարության համար, որպեսզի անցումը լինի անցավ, և որ բիզնեսը նույնպես պատրաստ լինի»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:

Քննարկված երկրոր կարևոր խնդիրը, որ նույնպես առնչվել է Մաքսային միությանը, աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքն է եղել: «Մենք պայմանավորվեցինք, որ մինչ Մաքսային միությանը միանալը ստորագրվի երկկողմ պայմանագիր, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն իրավիճակ, և որպեսզի հունվարի մեկին Ռուսաստանում ընդունված օրենքը բացասաբար չանդրադառնա մեր քաղաքացիների վրա»:

Ինչ վերաբերում է «Ռուսնևտ»-ին, ապա վարչապետը տեղեկացրեց, որ ընկերության ղեկավարը ներկայացրել է այդ ծրագրի մանրամասներն ու գործունեությունը. «Խոսքը գնում է շուրջ հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումների մասին,-ասաց վարչապետը,-սակայն այս պահին համապատասխան իրավական դաշտը նախապատրաստելու կարիք կա, նաև ազատ տնտեսական գոտու ռեժիմի  անհրաժեշտություն կա, ինչն ընդունելի առաջարկ է, որովհետև առաջին տարիներին հիմնականում մեծածավալ ներդրումներ են լինելու»:

Տիգրան Սարգսյանի խոսքով` հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև «Նաիրիտի» աշխատուժի օգտագործման մասին: Վարչապետը գտնում է, որ մենք այդ հարցում ունենք հարաբերական առավելություն, քանի որ ունենք մասնագետների հզոր բանակ, որը կարող է օգտակար լինել նոր ծրագրի իրականացման մեջ:

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա ըստ պայմանավորվածության, դեռևս պետք է գտնեն ճիշտ բանաձևը այդ աշխատանքների ֆինասնավորման հետ կապված: «Մեր առաջարկներն ընդունվեցին վարչապետի կողմից, և ռուսական գերատեսչությունենրին տրվեցին հանձնարարականներ, որպեսզի մոտակա ժամանակաշրջանում այդ հարցերը լուծվեն»,-ամփոփեց վարչապետը:

 

Անկախ

Tags: , , , ,