«Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր». Բաբուխանյանը հիշեցրեց անցյալը

02.10.16ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց բողոքի ակցիայի կազմակերպիչներին նույնպես պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա խոսքով՝ ժամանակն է ոչ թե նեղացնել ուսումնասիրության առարկան, այլ ընդհակառակը՝ ընդլայնել: «Լավ է, որ երեկ Ջհանգիրյանը համաձայնեց, որ մենք ուսումնասիրենք նաև կազմակերպիչների հարցը»,-ասաց նա՝ առաջարկելով նախագծի մեջ մտցնել նաև այն կետը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է ստեղծվելիք հանձնաժողովում պարզաբանում տա, և նաև մի կետ, որ պետք է կազմակերպիչների գործունեությանը տրվի քաղաքական գնահատական:

Այնուհետև Հայկ Բաբուխանյանը, վերհիշելով անցյալը, հայտարարեց, որ եթե Լևոն Տեր-Պետորսյանը ժամանակին չփակեր ՀՅԴ-ն և այլ կուսակցությւններ, որոշ լրատվամիջոցներ, չէր լինի նաև 1996 թվականը, երբ կիրառվեց ուժ ընդդիմության, ցուցարարների, ժողովրդի դեմ: «Եղան վիրավորներ, կիրառվեց բանակի ուժը: Եվ եթե մենք ուսումնասիրում ենք, թե արդյոք կարո՞ղ է կամ եղե՞լ է մարտի մեկին բանակային միջամտություն, պետք է դա համալիր ձևով ուսումնասիրենք»:

Բաբուխանյանը, մեջբերելով քառօրյանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե մահաբեր զենքի կիրառումը իշխանությունների կողմից հանցագործություն է, ասաց. «Ուրեմն Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր և մինչ օրս պատիժ չի կրել: Էլ չենք ասում, թե քանի անմեղ մարդ հայտնվեց բանտում՝ ենթարկվելով խոշտանգումների, բայց հետո պարզվեց, որ նրանք մեղավոր չեն: Իհարկե, պարոն Ջհանգիրյան, դուք չեք ցանկանա բացել այդ էջերը, որովհետև փակել եք այն»:

Բաբուխանյանի խոսքով՝ քանի դեռ զանգվածային անկարգություններ կազմակերպող առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու  իշխանությունների կողմից ուժ կիրառող Ռոբերտ Քոչարյանը չեն քննվել, իր համար հարցը պարզ չէ: «Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը, երբ կազմակերպում էր զանգվածային անկարգություններ: Սա պետք է ուսումնասիրվի»-ավելացրեց Բաբուխանյանը:

 

Անկախ

Tags: , , ,