Հայաստանում պետք է լինեն համակարգային փոփոխություններ, քանի որ երկրի սոցիալ տնտեսական վիճակը վատ է, և այդ փոփոխությունը պահանջում է ՀՀ քաղաքացին: Հայաստանում այսօր հասարակությունը բաժանված է երեք մասի: Առաջին մասում իշխանություններն են, որոնք ականջալուր չեն հասարակության խնդիրներին, երկրորդ մասում ընդդիմությունն է կամ, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք ժողովդրի բողոքի ձայնն արտահայտողի դերում են, երրորդ մասում հասարակությունն է, որը համակարգային փոփոխություններ է ուզում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ ներքաղաքական կյանքից` ասաց Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Նրա խոսքով` ժողովրդի բողոքի ձայնն արտահայտելու նպատակով էլ իրենք այս պահին խորհրդակցում են մի քանի ձախ սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող ուժերի հետ։
«Նպատակ ունենք համագործակցել և առաջիկա տաս օրերի ընթացքում կհայտարարենք մեր անելիքները։ Մենք պայքարելու են մոնոպոլիայի, օլիգարխիկ համակարգի դեմ և բարձրացնելու ենք հասարակությանը հուզող խնդիրները»,-ասաց Նարեկ Գալստյանը` այսլ մանրամասներ չներկայացնելով և միայն հավելելով, որ այս պահին համագործակցող ուժերից կարող է տալ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անունը։ Ըստ բանախոսի` իրենց պայքարի թիրախը համակարգի փոփոխությունն է։
ՍԴՀԿ ատենապետը տեղեկացրեց, որ մարտի 1-ին իրենք չեն միանալու «Հայ ազգային կոնգրեսի» հրավիրած հանրահավաքին, այլ գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ են դնելու զոհերի հիշատակին։
«Հայ ազգային կոնգրեսի հետ մեր կապերը խզվեցին նրա դավաճանական քայլի պատճառով»,-ասաց Նարեկ Գալստյանը:
Նրա համոզմամբ` մարտի 1-ի հանրահավաքը բազմամարդ է լինելու, բայց ոչ «Հայ ազգային կոնգրեսի» շնորհիվ, այլ այն պատճառով, որ հանրության շրջանում բողոքի ընդվզումը մեծ է և այն պարպելու անհրաժեշտություն կա։
Tags: Նարեկ Գալստյան, ՍԴՀԿ ատենապետ
