Այսօր
Հայաստանում տեղի են ունենում իմիտացիոն գործընթացներ: Հայաստանում ստեղծված է հեղափոխական իրավիճակ, ամեն օր կարող է Մայդան հավաքվել, և դրան պետք է օգնի ընդդիմությունը, իսկ ընդդիմությանը խանգարում են այսօրվա ոչ իշխանական ուժերի իմիտացիոն գործողությունները, որոնք ինչ-որ չափով ուղղորդվում են դրսից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա իմիտացիոն համարեց նաև «Նաիրիտ» գործարանի շուրջ ծավալվող գործընթացները։
«Հերթական իմիտացիոն գործընթացն է, որն այս անգամ Դաշնակցությունն է վերցրել իր վրա՝ նպատակ ունենալով մաքրել Ռոբերտ Քոչարյանին, ամեն ինչ կուտակելով Տիգրան Սարգսյանի շուրջ»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով` Հայաստանի ներկա և նախկին երեք նախագահներն էլ պետք է դասեր քաղեն Ուկրաինայի դեպքերից։ Իշխանավորները պետք է հասկանան, որ այն, ինչ հավաքել ու դիզել են ժողովրդի հաշվին, պետք է վերադարձնեն ժողովրդին:
«Ես առաջարկում եմ, որ մեզ մոտ, իտարբերություն Ուկրաինայի, ոչ թե հետախուզում հայտարարեն Հայաստանի իշխանավորների նկատմամբ, այլ նրանց ունեցվածքը վերցնեն և ստիպեն ապրել Հայաստանում այնպես, ինչպես 16 տարի առաջ։ Կարճ ժամանակ անց կտեսնենք, թե ինքնասպանությունների թիվն ինչքանով կավելանա»,-ասաց Պետրոս Մակեյանը։
Անդրադառնալով մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքին և հնարավոր մասնակցությանը` Պետրոս Մակեյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում եղել է, ինքն ամեն դեպքում ՀԱԿ-ի հետ հանրահավաքի չի մասնակցելու, այլ գնալու է Մյասնիկյանի արձանի մոտ և հարգելու է զոհերի հիշատակը։
«Եթե 2008-ին ամբողջ 18 կուսակցություններով էինք հավաքվել, այսօր միայն նախկին ՀՀՇ-ն է, ով համագործակցում է դահիճի հետ։ Այսօր նրանց գործընկերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Դաշնակցությունն են։ Եթե նրանք 2008-ին չլինեին, չէր լինի նաև մարտի 1-ը։ Մենք այդ ուժերի հետ անելիք չունենք»,- ասաց Պետրոս Մակեյանը։
Tags: Հայաստան, Պետրոս Մակեյան