ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հանրապետականն իր կարծիքը կհայտնի քվեարկությունից առաջ: Այնուամենայնիվ, նա իր ելույթում բացահատեց ՀՀԿ դիրքորոշումը. «Կանխավ մտածում էինք գնալ ընդառաջ ձեր առաջարկին, բայց հիմա մտածում ենք` արժե՞ գնալ պրովոկատորների առաջարկին ընդառաջ: Դուք սա հատուկ եք արել, որպեսզի գրգռեք ժողովրդին: Դուք արդեն կայքերով հայտարարել եք, որ մարտի մեկի հավաքից հետո կասենք` էստեղ մայդան կլինի՞, թե չէ: Էն մարդիկ, որ մտածում են, որ էստեղ կարող են մայդան անել, թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում լինի»:
Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին` նա դրանք որակեց պրովոկացիոն, մայդանական ոճի և խորհուրդ տվեց չոգևորվել մադանով. «Մեր մայդանն արդեն եղել է 88-ին և ավելի հզոր` կայսրության դեմ, որից հետո մենք ստեղծել ենք պետություն, և դա ղեկավարում են պետություն ստեղծողները: Հակադրե´ք մեզ և ուկրաինացիներին: Նրանք, փաստորեն, ամբողջապես վերացրին իրենց պետությունը, և էսօր պետություն չի, չենք իմանում, թե ինչ է: Եվ էսօր դրսից փողեր են տալիս, որ ոտքի կանգնեն: Իսկ մեր դառը վիճակում մեր ձեռքը ոչ ոք չէր սեղմում, բայց մենք դարձանք պետություն»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը նաև հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի դուրս գար և ասեր` շնորհակալություն ԲՀԿ, շնորհակալություն, քանի որ. «Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա մտածում եք` ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է, դուք դարձրել եք ընտրանքային, դուք էլ դարձել նրանց ընտրյալները: Ո՞վ ասեց, որ մենք քննարկելու բան չունենք, մենք շատ քննարկելու բան ունենք: Բայց դուք նույնիսկ զոհերին եք մասնավորեցրել: Մեր զոհերն են, դո՞ւք ով եք, որ: Հիմա մենք գալու ենք քննարկենք ձե՞ր զոհերի հարցը, թե՞ մեր զոհերի»:
Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարն ակնարկեց, որ էսօրվա գործիչների բոլորի ականջներին կարող է ասել, թե ժամանակին ով որտեղ էր, որ դիրքով էր ու ինչ էր արնում: «Շատերը, որ էսօր բղավում են, էդ թվերին բուլավկով մայկա էին հագնում: Աքլորը որ աքլոր է, միայն առավոտյան է կանչում: Սրանք համ առավոտյան են կանչում, համ կեսօրին են կանչում, համ էլ իրիկունը»:
Գալուստ Սահակյանը համոզված է, որ մարտի մեկի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պրովոկատորների միջոցով, այլ լուրջ մարդկանց, որը ՀՀԿ-ն է և շատ քաղաքական ուժեր ընդդիմությունից:
Tags: Ազգային ժողով, Գալուստ Սահակյան, Մայդան, մարտի մեկի հարցով հանձնաժողով
