«Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում». Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանԳործատուների միության  նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում: Թարմ մրգերի, բանջարեղենի դեպքում էներգակիրների թանկացումն էականորեն չի ազդում գնի վրա, սակայն պահածոների և այլ ապրանքերի դեպքում ստիպված են բարձր գներով արտահանել, ինչի հետևանքով էլ հայկական ապրանքը դրսում պահանջարկ չի ունենում:

Գագիկ Մակարյանի կարծիքով` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է վերանայի գազի գնի վերաբերյալ իր որոշումը:

«Մասիս քաղաքում գործող «Ալիշան» պահածոների գործարանը, որն իր արտադրանքը արտահանում է ԱՊՀ երկրներ, գազի սակագնի բարձրացման պատճառով ստիպված էր փակվել: «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է հասկանա, որ իր գործելաոճը խանգարում է հայկական տնտեսության զարգացմանը և, եթե Ռուսաստանը բարյացակամ է վերաբերվում Հայաստանին, ապա պետք է գազի գինն իջեցնի»,- ասաց Գործատուների միության նախագահը` հիշեցնելով, որ հենց սկզբից Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հայտարարել էին, որ գազի գինը չի փոխվի, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը:

Փաստորեն, «Ալիշան» գործարանը միակ տուժած ընկերությունը չէ: Գործատուների միությանն արդեն մի շարք ընկերություններ են դիմել, որոնք բողոքում են «Գազպրոմ Արմենիա»-ի անօրինական քայլերից: Գագիկ Մակարյանի խոսքով` իրենք այս պահին բանակցում են Գազպրոմի հետ և համաձայնության չգալու դեպքում կբարձրաձայնեն բոլոր խախտումների մասին:

 Անկախ

Tags: , ,