«Քանի դեռ դուք կաք, թույլ չեք տալու, որ բացահայտվի ձեր իշխանության օրոք տեղի ունեցած սպանդը». Ալ. Արզումանյան

Alik-Arzumanyan58-e1349516930712Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Մարտի մեկի գործով Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը համարում է անիմաստ` չնայած որ ստորագրել է նախաձեռնության տակ: Նրա համար անհասկանալի են այս փուլում նորից այս հարցն առաջ քաշելու դրդապատճառները: ՙՔանի դեռ այս խորհրդարանում կա իշխող մեծամասնությունը, բացառված է, որ մարտի մեկի որևէ հանձնաժողով նպաստի սպանությունների բացահայտմանը և տա անաչառ գնահատական: Սա քաղաքական այբուբեն է: Քանի դեռ դուք կաք, թույլ չեք տալու, որ բացահայտվի ձեր իշխանության օրոք տեղի ունեցած սպանդը: Մնում ա, որ մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի՝ պահանջելով բացահայտել իրողությունը: Բոլորս գիտենք, թե ինչ է կատարվել մարտի մեկին, հո լուսնից չե՞նք իջել՚,-ասաց նա:

Արզումանյանը վերհիշեց դեպքերից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իբր ընդդիմադիրները զենքով կրակում են ոստիկաններին թիկունքից, ապա խորհուրդ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին հարցեր տվողներին հարցեր տալ Քոչարյանին, թե այդ ինչի մասին էր խոսում.ՙԵթե նման բան կար, ինչո՞ւ գոնե մեկ հոգի չդատապարտվեց մինիմումը զենք պահելու համար: Հարցնեիք՝ այ պարոն նախագահ, էդ ի՞նչ հեքիաթ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերեն լեզվով, աշխարհին էլ ասեցին, թե իբր ընդդիմադիրներն են զենքով  հարձակվել: Էդ հարցերը չեք տվել, հիմա հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալը հարցնում է` ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղծեցիք /ի նկատի ունի Հայկ Բաբուխանյանին-Անկախ/: Ստեղծիր, ո՞վ ա ձեռդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարող ա բացահայտվի՚,-խորհուրդ տվեց Արզումանյանը:

Հայկ Բաբուխանյանը տեղից ինչ որ բան ասաց, որին Արզումանյանը պատասխանեց. ՙԵս նստելուց չեմ վախում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, այ տղա՚:

Այնուհետև նա հայտարարեց, որ այս հահլիճում բացի ՀԱԿ-ից ու Ժառանգությունից, մյուս բոլոր խմբակցությունները մարտի մեկի դեպքերը կոծկելու մասնակիցներ են: ՙԲոլոր չորս խմբակցությունները, որ այն ժամանակ կոալիցիա էին կազմում՚,-պարզաբանեց նա:

Հայտարարությանն այս անգամ տեղից արձագանքեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ասելով, թե պետք չէ բոլորին մեղավոր ճանաչել:

Վեճին խառնվեց Հովիկ Աբրահամյանը` կոչ անելով տեղից չարձագանքել, ինչին Մարգարյանը պատասխանեց, որ չէր կարող չարձագանքել, քանի որ Արզումանյանն ուղիղ մեղադրանք է հրահրում: Արզումանյանն էլ ասաց, որ պատասխանատու է իր ասած բոլոր խոսքերի համար:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ՙխրատ տվեց՚ Արզումանյանին` հորդորելով բոլորի հասցեին մեղադրանքներ չհնչեցնել:

 

Անկախ

Tags: , , ,