ՙԴինամո՚ մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը ասպարեզ դուրս եկան 56, 75,81,91 և +91կգ քաշային կարգերի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլ անցան Հենրիկ Մոքոյանը, Վահան Սարգսյանը, Էռնեստ Նազարյանը և Արթուր Մովսիսյանը: 75 կգ քաշային կարգում հավասարը չունեին Գոռ Ջևելիկյանը, Սերգեյ Սարգսյանը, Արման Դարչինյանը և Վահե Էլոյանը:
Համեմատաբար առավել դիտարժան և լարված մենամարտեր ստացվեցին 81 կգ քաշային կարգում : Համառ պայքարում անցավ հատկապես Արաբկիրի մարզադպրոցի սան Գոռ Հակոբյանի և Արարատ քաղաքը ներկայացնող Տիգրան Արմենակյանի մենամարտը: Ի վերջո դժվարին պայքարում հաղթանակ տոնեց Արմենակյանը: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև Նիկոլ Արությունովը և Ռուսլան Իբրահիմյանը: 91 կգ քաշային կարգում Լոռին ներկայացնող Արամ Իքլիմյանը բացահատ առավելությամբ հաղթեց Ազատ Դավթյանին: Ռազմիկ Հարությունյանը առավելության հասավ Վահրամ Զոհրաբյանի, Ռազմիկ Հակոբյանը Կարեն Հակոբյանի նկատմամբ: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Շիրակի մարզը ներկայացնող Հենրիկ Սարգսյանը առանց մեծ դժվարության պարտության մատնեց Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Անդրանիկ Հակոբյանին:
Գերծանր քաշային կարգում գրանցվեց այս մրցումների առաջին նոկաուտը: Հայաստանի մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը նոկաուտով հաղթանակ տոնեց Վախթանգ Մկրտչյանի նկատմամբ, Աղասի Մեհրաբյանն էլ հաղթեց Նարեկ Մելքոնյանին:
Այսօր ՝ փետվարի 28-ին, որոշ քաշային կարգերում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները: Մրցումների սկիզբը 14:00-ին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն
Tags: բռնցքամարտ, Հայաստան