“Ադրբեջանցիները կորցրել են խաղաղ իշխանափոխության իրենց իրավունքը”. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարԱՄՆ պետդեպը հրապարակել է ավանդական ամենամյա զեկույցը՝ երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին ԱՄՆ պետդեպի խիստ քննադատության հիմնական թիրախն է եղել, գրում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։

Զեկույցում քննադատվել են Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները: Հիմնվելով ԵԱՀԿ-ի բնորոշման վրա՝ զեկույցում նշվում է, որ ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ որոշ սկզբունքներին։

Պետդեպն առանձնացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով հետևյալ խնդրահարույց ոլորտները.

  • Անցյալ տարվա ընթացքում սահմանափակվել են խոսքի և հավաքների ազատությունները, իշխանությունները շարունակել են վախեցնել իրավապաշտպաններին և ակտիվիստներին՝ նրանց ձերբակալելով և ֆիզիկական բռնության ենթարկելով։
  • Մինչ նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկն  իշխանությունները միայն մի քանի բողոքի ակցիաներ են թույլատրել անցկացնել։ Սակայն ցույցի արտոնությունը տրվել է ընդդիմության համար անհարմար վայրում, իսկ չթույլատրված ակցիաները ցրվել են, ցուցարարները՝ ձերբակալվել։
  • Քաղաքացիները կորցրել են խաղաղ ճանապարհով կառավարությունը փոխելու իրենց իրավունքը։ Ընտրություններն անցել են ճնշումների մթնոլորտում, թեկնածուները քարոզարշավի համար հավասար հնարավորություններ չեն ստացել, իսկ նրանց բողոքարկումներն օբյեկտիվորեն չեն քննվել։

Զեկույցում մատնանշվում են նաև ադրբեջանական բանակում գոյություն ունեցող խնդիրները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը զինծառայողների հանդեպ, նրանց նկատմամբ խիստ պատիժները, բանակային ամենաթողության դեպքերը: Փաստաթղթում նշվում է, որ 69 ադրբեջանցի զինվոր զոհվել է ոչ մարտական իրադրությունում։

ԱՄՆ պետդեպի համոզմամբ՝ Ադրբեջանում դատարաններն անարդար են, անօրինական ձերբակալություններ, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ են իրականացնում, դատական համակարգը կախվածություն ունի իշխանությունից, իշխանությունները ոտնձգություններ են իրականացնում քաղաքացիների մասնավոր սեփականության նկատմամբ և այլն:

Զեկույցում նաև նշվում է, որ չնայած հակակոռուպցիոն ծառայության ստեղծմանը՝ Ադրբեջանի ողջ պետական ապարատը կոռումպացված է։

Անկախ

Tags: , , ,