Վարչապետին անվստահություն հայտնելը հարցի լուծում չէ. Ռուբեն Հակոբյան

ռուբեն հակոբյան«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն  ԱԺ ճեպազրույցների ժամին նախ տեղեկացրեց, որ ինքը հավանաբար կմասնակցի վաղը կայանալիք հանրահավաքին, ավելին, ինքը տեղեկություններ ունի այն մասին, որ  հանրահավաքին կմասնակցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուբեն Հակոբյանը ասաց, որ թեև պաշտպանել է  իր կուսակիցների և ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունները` առաջարկելու ստեղծել հանձնաժողովներ, որ կբացահայտեն Նաիրիտի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն,  իսկ մյուս դեպքում մարտի մեկի մեղավորներին, սակայն իր անձնական կարծիքը փոքր ինչ այլ է:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե իշխանությունը չունի քաղաքական կամք, որևէ հանձնաժողով որևէ բան բացահայտել չի կարող: Իսկ եթե ունենա քաղաքական կամք, ամեն ինչ առանց հանձնաժողովի էլ կբացահայտվի: Վստահեցնում եմ Ձեզ, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական մեղավորը իշխանությունն է: Եթե դրսևորի քաղաքական կամք, մարտի մեկի դեպքերն էլ  կբացահայտվեն, սակայն այժմ հստակ տեսնում ենք, որ իշխանությունը որևէ կամք չունի: Հենց վերոնշյալն է պատճառը, որ ոչ իշխանական չորս ուժերը միավորվել են և խորապես մտածում են երկրում համակարգային փոփոխությունների հարցի շուրջ: Խոսքը միայն մեկ-երկու հոգու փոփոխության մասին չէ, քանի որ  մի վարչապետի փոխարեն մեկ այլ վարչապետ նշանակելով  ոչինչ չենք փոխի: Այս քսան տարվա ընթացքում մենք ստեղծել ենք մի համակարգ, որն  ամբողջությամբ ենթարկվում է մեկ հոգու, սա է պատճառը, որ վարչապետին անվստահություն հայտնելը հարցի լուծում չէ, համակարգային փոփոխություններ են պետք», – ասաց Ռուբեն Հակոբյանը:

Tags: , ,