Վերսկսվում է Արամի փողոցի բնակարանների խարդախության գործով կասեցված դատավարությունը

շենքԴատարանը որոշում է կայացրել, այսպես կոչված, «Գապբնակշին»-ի գործից առանձնացված Սիմոն Աղազարյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսելու և քրեական գործով դատաքննություն նշանակելու մասին: Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության՝ 2004թ. հունիսի 17-ի որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առավաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Սիմոն Աղազարյանի մասով գործի վարույթն առանձնացվել ու կասեցվել էր՝ Ս.Աղազարյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ս.Աղազարյանի հիվանդություններից երեքը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ծանր ընթացքով երկրորդ տիպի շաքարային դիաբետը և երրորդ դասի արյան շրջանառության ֆունկցիոնալ անբավարարությունը, դասվում են կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, ուստի՝ նա «ռիսկային, նյարդահուզական սթրեսի» պայմաններում չի կարող մասնակցել դատաքննությանը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Tags: ,