«Մարտի մեկը», որպես քաղաքական էջ, փակելու ժամանակն է, սակայն զոհերի հարազատներին պետք է համապատասխան օգնության տրամադրում կազմակերպվի: Նման կարծիք այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ կրկին հաստատելով իր կարծիքը մարտի մեկի դեպքերի մասին: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ժառանգություն խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի ելույթում հնչած մեղադրանքներին, որ բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից մյուս չորս խմբակցությունները մեղավոր են մարտի մեկի դեպքերի համար ու փորձում են կոծկել դա, Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց. «Երեկ զրուցել եմ Արզումանյանի հետ և որևէ հստակ մեղադրանք այդպես էլ չեմ տեսել: Չի էլ կարող լինել մարտի մեկի հետ կապված որևէ մեղադրանք «Դաշնակցության» հասցեին: Ժամանակն անցնում է, ինչ-որ բաներ մոռացվում են, բայց այս ընթացքում «Դաշնակցությանը» մեղադրելու որևէ հիմք ես չեմ տեսել: Մեզ հետ կապված միակ դրվագը, որ հիշատակվում է, այն է, որ 2008 թ-ին ՀՅԴ-ն կոալիցիայում է եղել, բայց դա այլ օպերա է, բաներ կան, որոնցում երբեք չեն կարող «Դաշնակցությանը» կպչել, իհարկե շատ հարգում եմ պարոն Արզումանյանին, բայց դա անհիմն էր»:
