ԵՄ-ը և ՕՔՍՖԱՄ-ը խթանում են պարենային անվտանգությունը Հայաստանում

ԵՄ,ՕՔՍՖԱՄ,պարենային անվտանգությունը, Հայաստան2014 թ. փետրվարի 28-ին Եվրոպական միությունը և ՕՔՍՖԱՄ-ը մեկնարկեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագիրը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ընդգծեց, որ սովից տառապող մարդկանց թվի կրկնակի նվազեցումը մինչև 2015թ. ԵՄ առաջնահերթություն է, որն էլ նոր ծրագրի սկիզբ դրեց: «Այս ծրագիրն ունի հավակնոտ նպատակ, այն է` ապահովել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում պարենային անվտանգության ազգային արդյունավետ ռազմավարությունների մշակումն ու իրականացումը մանր ֆերմերների ակտիվ մասնակցությամբ»: Դեսպանը նաև հաստատեց, որ այս նպատակին հասնելու համար ԵՄ-ը կաշխատի ՕՔՍՖԱՄ-ի հետ համատեղ` սերտ համագործակցություն պահպանելով տարածաշրջանի գյուղատնտեսական կառույցների հետ:

«ՕՔՍՖԱՄ-ը, որպես գյուղատնտեսության ոլորտում առանցքային դերակատար, կարևորում է երկրի պարենային անվտանգության և սննդի ապահովության համակարգի բարելավումը», իր բացման խոսքում նշեց ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա ընդգծեց. «Մեր առաջնային նպատակն է ապահովել մանր ֆերմերների, հատկապես` կին ֆերմերների մասնակցությունը պարենային անվտանգությանն առնչվող ռազմավարությունների մշակմանը և հետագա իրականացմանը` նպաստելով գործընթացի թափանցիկությանը և հանրային վստահությանն ու մասնակցությանը»: Տիկին Հակոբյանը հավելեց, որ արդյունավետ և գործուն պարենային անվտանգության համակարգի համատեքստում շատ են կարևորում նաև սննդի տեղական արտադրության և սպառման ցուցանիշների բարելավումը:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ոոբերտ Մակարյանը ողջունեց  ծրագրի մեկնակը: Նա վերահաստատեց  Գյուղատնտեսության նախարարության համագործակցության պատրաստակամությունը ծրագրի  հաջող իրականացման նպատակով:  

Ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՕՔՍՖԱՄ-ի համատեղ ջանքերով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կմշակի Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը` հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության բաղադրիչներին: Ծրագրի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված է նաև 2011 թ. ՕՔՍՖԱՄ նախաձեռնությամբ հիմնադրված և 14 տեղական ու միջազգային կազմակերպություններից բաղկացած Գյուղատնտեսական դաշինքը:

Հայաստանում պարենային անվտանգության ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ կառավարության, միջազգային և տեղական կազմակերպությունների, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ: Նրանք կարևորեցին ՕՔՍՖԱՄ-ի այս նախաձեռնությունը և պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու ծրագրին:

Անկախ

Tags: , ,