Առողջապահության նախարարության հավաստմամբ՝ պոլիկլինիկաներում նոր կարգի ներմուծումը հետաձգվում է

առողջապահության նախարարություն“Ձեռքներդ հեռու հղիների գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին: Պատճառը Երևանի պոլիկլինիկաներում մարտի 1-ից նախատեսված նոր պիլոտային ծրագրի ներմուծումն էր, համաձայն որի՝ պոլիկլինիկաներում ամբուլատոր ծառայությունների մի մասը պիտի դառնար վճարովի`համավճարի սկզբունքով: Ըստ նոր կարգի՝ վճարովի էին դառնալու նաև հղիներին մատուցվող ծառայությունները:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ առանց այն էլ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող երկրում նման ծրագիր մտցնելն ուղղակի ապաշնորհություն է: Առանց այն էլ մեր երկրում ծնելիությունը խիստ նվազել է:

“Ես առաջին հղիության ժամանակ ոչ մի գումար էլ չեմ վճարել, թեև երբեմն զգացել եմ, որ հետազոտող բժիշկն ակնկալիքներ ունի, իսկ այժմ ստիպված եմ լինելու վճարել, ինչը շատ ծանր խնդիր է”,- ասաց երիտասարդ մայրերից մեկը:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պոլիկլինիկաներից հիմնականում օգտվում են անվճարունակ մարդիկ և նրանց համար շատ դժվար կլինի անգամ նախարարության կողմից սահմանված “սիմվոլիկ” գումարը վճարել:

“Ասում են` ինքնաբուժությամբ մի զբաղվեք, դիմեք բժշկի ու վճարովի են դարձնում: Առանց այն էլ պոլիկլինիկաների հանդեպ վստահությունը մեծ չէ, այս նախագծով լիովին վանում են հիվանդին` բժշկի դիմելուց”,- ասացին ակցիային մասնակիցները:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նա հավաստիացրեց, որ երեկ նախարարը հետ է կանչել այդ օրինագիծը:

“Հղիների մասով լիովին հանվել է, իսկ գործիքային-լաբորատոր հետազոտությունների համար համավճարների ներդրումը հետաձգվում է մինչեւ 2014-ի հուլիսի 1-ը, մինչև համապատասխան քննարկումներ կանցկացվեն”,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Անկախ

 

Tags: , ,